ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում գյուղատնտեսական խնդիրները կարող են լուծվել միմիայն բուհական համակարգի խորը և համապարփակ բարեփոխումների միջոցով։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանի հարցին։
Խաչատրյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը վերջին տարիներին մի շարք ծրագրեր , միջոցառումներ է ներկայացնում գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ , բայց կան հանգամանքներ, որոնց չլուծված լինելու դեպքում գյուղատնտեսության պատշաճ զարգացումը շատ դժվար է պատկերացնել ։ Նա ընդգծեց, որ գյուղական համայնքներում, մարզերում գյուղատնտեսության գծով մասնագետները սակավաթիվ են, անգամ մի շարք համայնքներում այդ մասնագետներն իսպառ չկան։ Նա ՀՀ վարչապետին հարցրեց, թե ինչ է արվում այս ուղղությամբ։
Փաշինյանը պատասխանեց, որ Հայաստանում կան գյուղատնտեսական բիզնեսով զբաղվող բազմաթիվ ընկերություններ, որոնք Եվրոպայից ժամը 700 եվրոյով մասնագետ են հրավիրում Հայաստան, որպեսզի նրանց խորհուրդ տա, թե ինչպես մոշ, ելակ կամ ծիրան աճեցնեն։
«Եթե ձեր ակնարկն այն էր, որ Ագրարային համալսարանի շրջանավարտները չեն գնում գյուղ աշխատելու, քանի որ աշխատավարձն այնքան էլ բարձր չէ, հակառակ հարցը կարելի է տալ, իսկ ինչո՞ւ չեն գնում աշխատելու այն տեղերում, որտեղ ժամը 700 եվրոյով մասնագետի կարիք կա։ Այս դիլեմաները կարելի է լուծել բուհական համակարգի խորը և համապարփակ բարեփոխումների միջոցով »,–ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց` հասկանում է, որ բուհական համակարգի բարեփոխումները ժամանակատար են, բայց կան նաև կարճաժամկետ լուծումներ։
«Ես մեր խորհրդակցությունների ժամանակ մշտապես ասում եմ, որ Պլանի գլխում ունենալ ագրարային համալսարանը դա նոնսենս է , որովհետև արգրարային ժամանակակից համալսարանները շրջապատված են ոչ թե հյուրանոցներով, սրճարաններով, այլ հարյուրավոր հեկտարներ տարածքներով, որտեղ կան ֆերմաներ, այգիներ։ Սա է պատճառը, որ մենք իրականացնում ենք Ակադեմիական քաղաքի գաղափարը և համոզված կլինենք, որ պատրաստվում են պատշաճ մասնագետներ և պետությունը պատշաճ մեխանիզմներով խթանում է նրանց ծառայությունները հասանելի դարձնելուն»,–ասաց նա։
Հավելենք, որ 2019-2022 թվականը Հայաստանի ագրարային համալսարանն ունեցել է մոտ 2100 շրջանավարտ, որոնցից ավելի քան 80 տոկոսը մասնագիտությամբ չի աշխատում։