Խեղաթյուրված փաստեր են. Բրյուսովի համալսարանն արձագանքել է ռեկտորի վերաբերյալ հրապարակմանը

Բրյուսովի անվան համալսարան
ՀՀ պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ է իրականացրել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում, համալսարանը դեռ չի ստացել ստուգման արդյունքների մասին տեղեկանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Վ. Բրյուսովի անվան համալսարանը պնդում է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանի վերաբերյալ խեղաթյուրված փաստեր է ներկայացրել։
«‎Հայկական ժամանակ» թերթն այսօր գրել է, որ Կարինե Հարությունյանը մի շարք չարաշահումներ է թույլ տվել, որոնց շրջանակում գործ է քննվում իրավապահ մարմիններում։ Լրատվամիջոցը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ ռեկտորը 4 տարում ինքն իրեն հատկացրել է մի քանի միլիոն դրամի պարգևավճար, ավելի քան 10 ուսանողի անհիմն տրամադրել է մի քանի միլիոն դրամի զեղչ, բազմաթիվ ուսանողներից էլ վերցրել է մի քանի միլիոն դրամից ավելի հավելյալ ուսման վարձ:
«Հոդվածը նպատակային պատրաստված և հատուկ հրապարակված է բուհի ռեկտորի ընտրությանն ընդառաջ, որը պետք է տեղի ունենա ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 9-ին: Հատուկ ուղղորդված և սխալ տեղեկություններ են տրամադրվել: Գտնում ենք, որ այս ընթացքում ռեկտորը ֆինանսական չարաշահումներ թույլ չի տվել, և սա նպատակադրված քայլ է՝ ընտրություններին ընդառաջ բացասական իմիջ ստեղծելու գործող ռեկտոր Կարինե Հարությունյանի անձի շուրջ»,– ասված է բուհի տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ ՀՀ պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ է իրականացրել բուհում, և ստուգման արդյունքների մասին տեղեկանքը համալսարանը դեռևս պաշտոնապես չի ստացել։
«ՀՀ պետական վերահսկողության ծառայության ստուգումների արդյունքների մասին տեղեկանքը ստանալուց հետո, համաձայն կարգի, մենք 5-օրյա ժամկետում կտանք համալսարանի կարծիքը և մանրամասն կանդրադառնանք յուրաքանչյուր կետի»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` կառավարությունը որոշել է Բրյուսովի անվան համալսարանը միացնել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին ու դարձնել Հայկական պետական մանկավարժական համալսարանի մաս։ Կարինե Հարությունյանը հոկտեմբերի 14-ին համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված նիստում հայտարարել էր, որ ԿՄԳՍ նախարար Վահրամ Դումանյանը իրեն է փոխանցել 3 բուհերի միավորման վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը։ Ռեկտորն ինքը դեմ էր բուհերի միավորմանը։ Ավելին` նա մասնակցում էր բուհերի միավորման դեմ բողոքի ակցիային։