Ինչու է արգելվում սիգի ձկնկիթի արտահանումը. ապօրինի որսից մինչև գաղտնի վիճակագրություն

Ձկնկիթ
Սևանի սիգի ձկնկիթի պահանջարկն արտերկրում մեծ է։ Ռուսաստանյան հայտնի իրացման ցանցերից հայ գործարարները ձկնկիթի մատակարարման առաջարկներ են ստանում։
Sputnik
Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումը ժամանակավորապես արգելելով՝ կառավարությունը փորձում է կանխել սիգի ապօրինի որսը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը` մեկնաբանելով սիգի ձկնկիթի արտահանման 6–ամսյա արգելք սահմանելու մասին կառավարության որոշման նախագիծը, որը մշակել է նախարարությունը։
«Մենք արգելում ենք արտահանումը, որ դա մոտիվացիա չդառնա ապօրինի որս իրականացնելու, ձկնկիթ ունենալու ու արտահանում կազմակերպելու համար»,– ասաց Սիմիդյանը։
Ներկայացված նախագծով գերատեսչությունը կառավարությանն առաջարկում է 6 ամսով արգելել Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումը։ Նախագիծն առայժմ հանրային քննարկման փուլում է` նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 13-ը։ Դրանից հետո կներկայացվի կառավարության հաստատմանը և ընդունվելուց 3 օր հետո կմտնի ուժի մեջ։
Ի դեպ, Հայաստանում ձկնկիթի արտահանման արգելք առաջին անգամ է կիրառվելու, մինչդեռ սիգի որսը կառավարությունն արգելում է ամեն տարի ձվադրման շրջանում` դեկտեմբեր–հունվարին։ Իսկ տարիներ առաջ սիգի որսն ընդհանրապես արգելված էր` անկախ սեզոնից։
Կառավարությունը մտավախություն ունի, որ սիգի քվոտավորված որսի թույլտվության փաստաթղթերը կարող են օգտագործվել սիգի ապօրինի որս կատարելու, ձկնկիթ ստանալու ու արտահանելու նպատակով։ Այդ մասին իր խոսքում հայտնեց նաև ՇՄ նախարարը։
Սխալները պետք է ուղղվեն. Սևանա լճում սիգի որսի համակարգը կամաց-կամաց կփոխվի
«Քանի որ մենք քվոտավորված գործընթաց ենք անում, ու շրջանառության մեջ կան նաև օրինական որսի փաստաթղթեր, մենք անհանգստություն ունենք, որ այդ փաստաթղթերը կարող են օգտագործվել ներկայիս շրջանում ապօրինի որսի, այդ թվում` ձկնկիթի պաշարների կուտակման ու ապօրինի արտահանում կազմակերպելու համար։ Դրա համար այդ մոտիվացիան արգելակելու, այդ հնարավորությունը սահմանափակելու համար արգելում ենք ձկնկիթի արտահանումը 6 ամսով»,– ասաց Սիմիդյանը` հավելելով, որ այս միջոցառումը սիգի ապօրինի որսի վերահսկման խստացման ու պաշարների վերականգնմանը նպաստելու ուղղությամբ միակ նորամուծությունը չէ։
Եթե 2020 և 2021թթ–ին սիգի որսի թույլտվություն տրվում էր նաև ֆիզիկական անձանց, ապա այսօր պետությունը նման իրավունք տալիս է միայն իրավաբանական անձանց` ԱՁ–ների ու կազմակերպությունների։ Այսկերպ կառավարությունը փորձում է սիգի որսը դարձնել առավել վերահսկելի ու բերել «սպիտակ» դաշտ։
Նույն նպատակով նախատեսվում է նաև որսի թույլտվություն ստացած կազմակերպությունների համար պարտադիր պայման սահմանել` իրենց ձկնորսների հաշվառումն ու նույնականացումը։
«Այսինքն` իրավաբանական անձը պետք է ունենա ձկնորս, որը պետք է որս կատարի։ Մենք դա պետք է տեսնենք, դա պետք է դառնա ապացուցելի, որ մենք այդ քվոտան տրամադրենք իրեն։ Հիմա այդ իրավական կարգավորումները պրոցեսի մեջ են, և մենք առաջիկայում կունենանք համալիր ինստիտուցիոնալության կայացվածության մի իրավիճակ, որի արդյունքում ինչքան կմեծանա սիգի քանակը Սևանա լճում, այդքան կմեծանա քվոտան ու հետևաբար՝ օրինական որսը Սևանում»,– ասաց Սիմիդյանը։
Ձկնամթերքների արդյունաբերությամբ զբաղվող «Էկո ֆուդ» ընկերության տնօրեն Արսեն Մովսիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ միանշանակ կողմ է ձկնկիթի արտահանումն արգելելու գաղափարին։
«Շատ ավելի լավ է ձուկն արտահանվի, քան ձկնկիթը, քանի որ այնպես չէ, որ սիգի պաշարներն այսօր Սևանում գոհացուցիչ են։ Ձվադրման շրջանում սիգի և՛ որսը, և՛ ձկնկիթի արտահանումը միանշանակ պետք է արգելվի։ Օրինակ, ես այսօր ձկան մթերում եմ անում` այն ձկան, որի որսը կատարվել է մինչև արգելքի սահմանումը։ Նաև կարող եմ պահածոյացնել ու հետագայում արտահանել։ Բայց ձկնկիթը հենց հիմա է ստացվում, ու, եթե հիմա որսը չարգելվի, սիգի պաշարներն ավելացնել չի հաջողվի։ Վերջիվերջո, բոլորս էլ ուզում ենք, որ սիգը շատ լինի»,– ասաց գործարարը։
Արսեն Մովսիսյանը հայտնեց, որ սիգի ձկնկիթի պահանջարկն արտերկրում ու հատկապես ՌԴ–ում մեծ է։ Ինքը ռուսական հայտնի ցանցերից պարբերաբար մատակարարման նման առաջարկներ է ստանում, բայց մերժում է դրանք, քանի որ սկզբունքորեն դեմ է սիգի ձկնկիթի արտադրությանը։
«Ավելի լավ կլինի, որ այդ արտադրանքը լինի ձկան տեսքով, քան ձկնկիթի։ Այլ բան, եթե սիգի պաշարներն այնքան շատ լինեն, որ ձկնկիթի համար որոշակի քանակով քվոտավորված որս թույլատրվի իրականացնել»,– ասաց Մովսիսյանը։
Սևանա լճում սիգի ներկայիս պաշարները դեռ հեռու են արդյունագործական լինելուց, իսկ ձկնաբուծարաններում սիգի արհեստական բազմացումը, ի տարբերություն իշխանի, հնարավոր չէ իրականացնել։
Նշենք, որ 2022–ին Սևանից թույլատրվել էր որսալ ընդհանուր 600 տոննա սիգ։ Դրա մեծ մասը` շուրջ 555 տոննան մինչև դեկտեմբերի 1-ն արդեն որսվել է:
2022 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2023 թվականի հունվարի 20-ը սիգի որսի խիստ արգելք է սահմանված` կապված ձվադրման շրջանի հետ։
Կառավարությունը կրկնակի ավելացնում է Սևանում սիգի որսի թույլատրելի ծավալը
Իսկ սիգի ձկնկիթի արտադրության ու արտահանման ծավալների մասին պաշտոնական տեղեկատվություն ՀՀ պետական մարմիններում, առնվազն բաց աղբյուրներում, պարզապես չկա։
Դրանք ներկայացված չեն ո՛չ արտահանման արգելքի վերաբերյալ որոշման նախագծում, ո՛չ ՊԵԿ պաշտոնական վիճակագրության մեջ։
ՊԵԿ–ին ուղղված մեր գրավոր հարցումը ևս որևէ արդյունք չտվեց։ Մաքսային վիճակագրության և տեղեկատվության բաժնից մեզ հայտնեցին, որ սիգի ձկնկիթի արտահանման հաշվառում վարվում է միայն առանձին դեպքերում, որոնց տվյալները ինչ–ինչ պատճառով լրատվամիջոցին չեն տրամադրվում։ Իսկ ՊԵԿ պաշտոնական կայքում ներկայացված արտահանման վիճակագրությունը ներառում է ոչ միայն առանձին սիգի կամ իշխանի ձկնկիթի, այլև ձկան պահածոների ու նաև խավիարի փոխարինիչների արտահանման ծավալները։
ՌԱԴԻՈ
Ոչ մեկն իր բռնած ձուկը չի չափի. մասնագետը կարծում է` ձկնորսներին վերահսկել հնարավոր չէ
Դրանց համաձայն, 2019թ–ին Հայաստանից արտահանվել է 548,8 տոննա պատրաստի կամ պահածոյացված ձուկ, ձկնկիթ ու խավիարի փոխարինիչ, 2020-ին` 489, 2021-ին` 432,8 տոննա, իսկ 2022թ–ի միայն առաջին կիսամյակում` 370,2 տոննա։
Իսկ թե այս ընդհանուր հաշվարկի մեջ կոնկրետ որքան է կազմել ՀՀ–ի բնության ու տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող սիգի ձկնկիթի ծավալը, ՊԵԿ–ում հրաժարվեցին հայտնել թե՛ գրավոր, թե՛ բանավոր հարցման պարագայում։