ՌԱԴԻՈ

Գործունեությունը կասեցնել՝ տուգանելու փոխարեն. Պիպոյանը՝ թերլիցքավորման օրենքի մասին

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վառելիքի վաճառակետերի, լցակայանների գործունեությանը։
Sputnik
Հանրային սպասարկման որևէ օբյեկտի տուգանքի փաստը հանրայնացնելու մեթոդն ընդունված է շատ երկրներում և դրական արդյունք է ունենում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը` խոսելով, մասնավորապես, վառելիքի լցակայաններում թերլիցքավորումների մասին։
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է պատգամավորներ Ծովինար Վարդանյանի և Բաբկեն Թունյանի հեղինակած օրենքի նախագիծը, ըստ որի՝ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառակետերում թերլիցքավորում հայտնաբերելու դեպքում տնտեսվարողի բաշխիչ աշտարակների վրա մեկ ամիս ժամկետով փակցվելու է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» գրառմամբ ցուցանակ։
«Նմանատիպ նախաձեռնությունները շատ ավելի լայն լսումներով ու խորը հետազոտություններով պետք է արվեն։ Տվյալ օրենքի առթիվ անհրաժեշտ են լրացուցիչ կարգավորումներ` հաշվի առնելով այն հանգամանքը, թե բիզնեսն իր հերթին ինչ հնարքների կարող է գնալ որոշակի խուսանավումներ անելու համար։ Օրենքն անշուշտ լավ գործիք է, և ոլորտը կարգավորելու առումով ինչ–որ բան նախաձեռնվում է, սակայն կան այլ գործիքակազմեր, որոնք պետք է միաժամանակ ներդրվեն, որպեսզի հնարավոր լինի չափել ու գնահատել ընդհանուր ազդեցությունը»,– ասաց Պիպոյանը։
Նրա կարծիքով` գործիք ունենալը մի բան է, իսկ դրա կիրառելիության ապահովումը՝ մեկ այլ բան, այսինքն` նմանատիպ նախագծերին կարելի է լիարժեք գնահատական տալ այն ժամանակ, երբ օրենքը կիրարկվի ամբողջ ուժով։
Անդրադառնալով Ստանդարտների ու չափագրման ինստիտուտի կողմից մշակված չափորոշիչներին և որոշ լցակայաններում չափանոթների առկայությանը` Պիպոյանն ընդգծեց, որ խնդիրը չի առնչվում միայն դրանց։
«Ասվում է, որ օրինակ կշեռքները տարին մեկ–երկու անգամ ստուգաչափվում են, սակայն դրանից որոշ ժամանակ անց կշեռքի վրա կարող է նորմայից ավել բեռ դրվի, և այն սկսի սխալ կշռել։ Նույնը կարելի է ասել չափանոթների մասին, այսինքն` եթե իրականացվում է չափագրություն, ապա պետք է համապատասխան տարաները կապարակնքվածությամբ կամ այլ տարբերակով հաշվառվեն, համարակալվեն, որպեսզի դրանք այլ տարաներով փոխարինվելու դեպքում հնարավոր լինի իրականացնել նույնականացում»,–նշեց Պիպոյանը։
2022–ին լցակայաններում հայնաբերված 68 խախտումներից միայն 5-ն է առնչվել թերլիցքավորումներին
Նա պնդեց, որ լցակայաններում վառելիքի թերլիցքավորումից ստացած շահույթը որևէ աղերս չունի տուգանքի կամ պատժի չափի հետ։ Ըստ նրա` շատ ավելի կարևոր է ոչ այնքան տուգանքի նշանակումը, որքան ոլորտի կարգավորումն ու առկա խնդիրների վերացումը։
«Պետք է մշակվեն այնպիսի մեթոդականներ, որոնք կունենան կանխարգելիչ էֆեկտ։ Երբ բիզնեսին ասում են, որ այլևս չի աշխատելու, արդյունքում բիզնեսը փակվում է, բայց բիզնեսմենը չի սնանկանում։ Անհրաժեշտ է, որ սերտորեն աշխատեն Մրցակցության պետական հանձնաժողովն ու տեսչական մարմինները։ Առաջինը պետք է ապահովի տուգանքի կիրառությունը, քանի որ նրա գրած տոուգանքները ծավալներով անհամեմատ մեծ են, ուղիղ կապ ունեն բիզնեսի շրջանառության հետ»,– նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը։
Պիպոյանն առաջարկում է տնտեսվարող սուբյեկտների գործունեության ժամանակավոր կասեցում սահմանել, եթե նրանց տարածքում խախտումները կրկնվեն, ինչը միանշանակ ավելի զսպող միջոց կհանդիսանա։ Այսինքն` ոչ թե տեղադրվի «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար», այլ «Մենք թերլիցքավորման համար ժամանակավորապես չենք աշխատում» գրառմամբ ցուցանակ։
Նշենք, որ ԱԺ–ի կողմից ընդունված վերոհիշյալ օրենքի համաձայն` հետայսու հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառակետերը կունենան QR կոդեր, որոնց միջոցով վարորդները կարող են ստանալ տեղեկատվություն տնտեսվարողի մոտ կատարված ստուգումների և դրանց արդյունքների վերաբերյալ: