ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Հարավային ռազմական օկրուգի` Գյումրիում տեղակայված ռազմակայանում հիշատակի միջոցառումներ են անցկացվել՝ նվիրված 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած աղետի՝ Սպիտակի երկրաշարժի տարելիցին։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Զորամիավորման զինծառայողները, նրանց ընտանիքների անդամները, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, Ռուսաստանի պաշտպանության նախարարության դպրոցի սաները և Համառուսաստանյան մանկապատանեկան ռազմահայրենասիրական հասարակական շարժման սաները մասնակցել են երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին, ծաղիկներ խոնարհել «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշարձանին և երկրաշարժի հետևանքների վերացմանը մասնակցած խորհրդային զինվորների հուշարձանին:
Բացի այդ, ռազմակայանի մշակութային-ժամանցային կենտրոնի գլխավոր դահլիճում զինծառայողների, դպրոցականների և ռազմահայրենասիրական շարժման սաների համար արիության դաս է անցկացվել, որի ընթացքում պատմել են աղետի, ինչպես նաև խորհրդային զինվորների և սպաների մասին, որոնք օգնություն են ցուցաբերել տուժածներին:
Հիշեցնենք` 1988 թվականի դեկտեմբերի 7-ը Հայաստանի պատմության ամենամռայլ էջերից մեկն է։ Հայաստանի հյուսիսում գրանցված երկրաշարժը հողին հավասարեցրեց Նալբանդ գյուղն ու Սպիտակ քաղաքը, Գյումրիում (Լենինական) եզակի շինություններ կանգուն մնացին, խիստ տուժեցին Վանաձոր (Կիրովական) և Ստեփանավան քաղաքները։ Պաշտոնական տվյալներով ՝ զոհվեց 25 հազար մարդ, շուրջ կես միլիոնն էլ անօթևան դարձավ։