ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող երկու դատապարտյալներ մեղադրվում են հանցավոր խմբավորում ստեղծելու մեջ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։
Իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից «Տոլիկ» մականունով հայտնի անձին դիմել է նույն հիմնարկում պատիժ կրող այլ անձ, որպիսի վերջինս օգնի նրան ստանալ պարտքը մեկ այլ դատապարտյալից։
«Հիշյալ անձը, իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով իրականացրել է համապատասխան գործողություններ, ստանձնել է վեճերի լուծումը` դրա դիմաց ստանալով անօրինական օգուտ»,– ասված է հաղորդագրությունում:
Պարզվել է նաև, որ պատիժը կրելու ընթացքում «Տոլիկ» մականվամբ հիշյալ դատապարտյալին են դիմել, որպեսզի վերջինս, իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով, իր կարգավիճակից օգտվելով, որոշակի առավելություն տրամադրի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված անձանց:
Հարուցված քրեական հետապնդման հիման վրա, ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, վարույթն իրականացնող մարմնի կողմից հիշյալ դատապարտյալին մեղադրանք է ներկայացվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը):
Եվս մեկ դատապարտյալի մեղադրանք է ներկայացվել գործող քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասին (քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը):
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, երկու անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննության առնելու նպատակով: