ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սուսաննա Մկրտչյանն այսօրվա նման հիշում է այդ օրը. իր աշխատավայր տանող ճանապարհին Սուրբ Ամենափրկչի գմբեթի փլվելն ու փողոցում մայրերի՝ իրենց երեխաների անունները՝ Հասմիկս, Արմենս, Կարենս գոռալը:
«Ամեն անգամ իմ աչքի առաջ նույն տեսարանն է ՝ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթի ճեղքվելը՝ երկու մասի բաժանվելն ու փոշի դառնալը: Ի վերջո խորը ցավը մնում է, ինչքան էլ տարիներ անցնեն»,- վաստակաշատ արվեստագետը պատմում է՝ ինչպես է նախ փորձել 3- ամյա որդուն մանկապարտեզից գտնել, ապա շտապել է դպրոց, որտեղ աղջիկն էր: Երեխաները հրաշքով չէին տուժել։ Կնոջ հիշողությունից, սակայն, երբեք չի ջնջվի այդ տեսարանը՝ դպրոցի փլված պատը, դրսից երևացող դասարանները...
Գեղագիտական կենտրոնը, որը այդ տարիներին ղեկավարում էր տիկին Սուսաննան, չվնասվեց: Այսօր արդեն սրտի թեթևությամբ է ասում՝ սաներն ու աշխատակիցները, ովքեր երկրաշարժի օրը գտնվում էին կենտրոնում, չտուժեցին:
«Փառք Աստծո, ով կենտրում էր, փրկվեց, շենքը 1983 թվականին սրտացավությամբ էր նորոգվել ու ամուր մնացել երկրաշարժին»,-ասում է Սուսաննա Մկրտչյանը, ով արդեն 45 տարի ղեկավարում է Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղը:
Խոսելով երկրաշարժի վնասների մասին տիկին Սուսաննան նշում է՝ չնայած հիմնահատակ փլվեց է իրենց տունը, բայց դա մարդկային ու հոգևոր արժեքների կորստի փոխարեն ոչինչ է:
«Երկրաշարժը ոչ միայն քաղաք ու ընտանիք, այլ նաև հոգեվիճակ ու մարդկային արժանապատվություն քանդեց։ Չէի կարող պատկերացնել, որ գյումրեցի կինը կարող է մուրացկանությամբ զբաղվել կամ էլ նյութականի համար կռիվ անել։ Մի բան, որ պատվախնդիր գյումրեցին երբեք իրեն թույլ չէր տա »,-ասում է Սուսաննա Մկրտչյանը:
1988-ի դեկտեմբերի 7-ից մի քանի օրն անց Գեղագիտական կենտրոնը վերածվեց կենտրոնական շտաբի, ուր մինչ 1989 թվականի փետրվարի 1-ը տեղակայված էին ինչպես խորհրդային, այնպես էլ արտերկրից եկած զինվորականներ, լրագրողներ, բժիշկներ ու փրկարարներ: Նույնիսկ փրկարար շներն էին այս կենտրոնում իրենց հանգստի ժամանակն անցկացնում։
«Ես ու ամուսինս չթողեցինք, որ մի բան կենտրոնից պակասի: Այստեղ էր տեղակայվել կենտրոնական շտաբը, ու ես ու ամուսինս սպասարկում էինք այս շտաբը՝ 80 մարդ էր աշխատում»,-պատմում է Սուսաննա Մկրտչյանը:
Երկրաշարժից հետո բավական երկար ժամանակ տիկին Սուսաննան իր ձեռքում վրձին չէր վերցրել՝ թալանել էին արվեստանոցը՝ թողնելով միայն երեք աշխատանք:
Առաջին գործերը եղան երկրաշարժի հետևանքով զոհված գյումրեցի երկու բանաստեղծուհիների դիմանկարները՝ արված հիշողությամբ: Ավելի ուշ Սուսաննա Մկրտչյանի թեման դարձավ Գյումրի-Ալեքսանդրապոլը՝ ամբողջ աշխարհին ցույց տալու համար, թե ինչ արժեքների կրող է գյումրեցին: 20 տարի առաջ ստեղծված շարքն այսօր էլ լրացվում է՝ սկզբում գրաֆիկական աշխատանքներ էին, ապա գունանկար, հետո արդեն իր կողմից մշակված ռելիեֆային նկարչություն:
Գյումրին երկրաշարժից 34 տարի անց փորձում է փոխել իր դեմքը, բայց դա, ըստ արվեստագետի, կոսմետիկ միջամտության է նման։ Այնինչ քաղաքը պետք է ոչ թե փոխի, այլ վերագտնի իր՝ հատկապես ճարտարապետական դիմագիծը։