ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. Եվրասիական մայրցամաքի զարգացման և ԵԱՏՄ երկրների համագործակցության ամրապնդման հեռանկարներն այսօր քննարկել են «Եվրասիական տնտեսական միության երկրների Հանրային պալատ. ստեղծման և գործընկերության ուղի» միջազգային կլոր սեղանի մասնակիցները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Քննարկման հիմնական թեման նվիրված է եղել ԵԱՏՄ երկրների Հանրային պալատի ձևավորմանը, որի խնդիրը հետխորհրդային տարածքի երկրների միջև ինտեգրացիոն գործընթացների ամրապնդումն է և միջազգային մարդասիրական նախագծերի իրականացումը:
ԵԱՏՄ Հանրային պալատի ձևավորման խմբի ղեկավար Գայանե Հարությունյանը նշել է, որ հարթակի ստեղծման նախաձեռնությամբ 2021 թվականին հանդես են եկել հասարակական գործիչներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից և այլ երկրներից։
«2023 թվականի առաջին կիսամյակում նախատեսվում է անցկացնել ԵԱՏՄ երկրների Հանրային պալատների միջազգային համագումար, որի աշխատանքներին նախատեսվում է աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչների,ինչպես ԵԱՏՄ, ԱՊՀ անդամների, այնպես էլ այլ պետությունների հայտնի հասարակական-քաղաքական գործիչների մասնակցությունը, որոնք հետաքրքրված են այս միջազգային նախագծի զարգացմամբ»,-նշել է Հարությունյանը։
Միջոցառման արդյունքներով բանաձև է ընդունվել, որում ԵԱՏՄ երկրների փորձագիտական հանրության ներկայացուցիչները նշել են Պալատի ձևավորման կարևորությունն ու արդիականությունը, ինչպես նաև նշվել է, որ Եվրասիական տնտեսական միության երկրների Հանրային պալատի գործունեության հիմնական ուղղություններից մեկը կլինի աջակցությունը մշակույթի, գիտության, կրթության, սպորտի ոլորտներում նախաձեռնությունների և ծրագրերի իրականացմանը, որոնք ուղղված կլինեն երկրների և տարածաշրջանների սոցիալ-տնտեսական զարգացման ամրապնդմանը: