ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը բուհերի ռեկտորներին առաջարկել է իրենց բուհն աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման որևէ աղյուսակում դիրք զբաղեցնելու համար ճանապարհային քարտեզ մշակել: Տեղեկությունը հայտնում է գերատեսչությունը` նշելով, որ Դումանյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ:
Աշխատանքային հանդիպման օրակարգում են եղել նաև գիտական աստիճանաշնորհման կարգում նախատեսվող փոփոխությունները: Դումանյանը տեղեկացրել է, որ հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ–ում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու և կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի N 327 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագիծը:
«Նախագծով ներկայացվող նոր կանոնակարգի հաստատման նպատակն է աստիճանաշնորհման գործընթացում ընդգրկված բոլոր օղակներում առավել շեշտադրել որակական, բովանդակային պահանջներ։ Բացի այդ, նպաստել միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականներում տպագրությանը, օգտագործել սփյուռքի գիտական ներուժը ՀՀ գիտական կադրերի պատրաստման գործընթացում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Առաջարկվող փոփոխությունների համաձայն` ներկայացվող պահանջներին բավարարելը կնպաստի միջազգային չափանիշներին գիտական հետազոտությունների իրականացմանը, ինչպես նաև խորհրդային մոդելից եվրոպական մոդելին սահուն անցմանը: