ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների վերահսկողության տակ և հանդիսանում է պատասխանատվության գոտի։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած դեպքին։
Նշենք, որ այդ օրը Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Միջադեպի առնչությամբ ռուս խաղաղապահները բանակցություններ էին վարել ադրբեջանական կողմի հետ, և Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին բացվել էր։
Սիմոնյանն ադրբեջանական կողմի այդ գործողությունները սադրանք որակեց։
«Հայաստանը բացասական է վերաբերվում Լաչինի միջանցքում հենակետեր տեղադրելուն: Եկեք չմոռանանք, որ Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների վերահսկողության տակ և հանդիսանում է պատասխանատվության գոտի։ Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում ռուսական կողմի հետ, որովհետև, կրկնում եմ, դա ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտի է»,– ասաց ԱԺ խոսնակը։
Ի պատասխան այն դիտարկմանը, որ ստացվում է` Արցախն ամբողջությամբ թողնված է ռուս խաղաղապահներին, Սիմոնյանը նշեց` բոլոր հարցերի պատասխանները կան 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։
«Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից Արցախը թողնելուն, կարծում եմ` ես չպետք է նորից հնչեցնեմ այն բոլոր քայլերը, որոնք արվել են, որպեսզի ևս մեկ անգամ ցույց տամ, որ Հայաստանը որևէ պարագայում Արցախը չի թողել ու չի էլ թողնելու»,– ասաց նա։
Հիշեցնենք` դեկտեմբերի 5-ին լուրեր տարածվեցին, թե Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում տեղադրվելու է ադրբեջանական հենակետ։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարությամբ հանդես եկավ` հերքելով այդ լուրերն ու ասելով, որ տարածվող լուրերը կեղծ են։
Նշվում էր, որ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը հարցի շուրջ քննարկում է կազմակերպվել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի հետ, և նա հայտարարել է, որ միջանցքում հենակետ չի լինելու, այն ադրբեջանցիների կողմից չի վերահսկվելու և միջանցքում՝ խաղաղապահների տեղակայման վայրերում, ադրբեջանցիներ չեն լինելու: