«Չեն գնահատում՝ այլ դրոշ կբարձրացնեմ»․ Էրիկ Իսրայելյանին ֆեդերացիայից չեն շնորհավորել

Եթե անգամ Էրիկ Իսրայելյանը սկսի այլ երկրի դրոշով ելույթ ունենալ, երբեք չի փոխի իր մարզչին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի այս տարվա չեմպիոն Էրիկ Իսրայելյանին մոտ տասը օր է՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից չեն շնորհավորել։
«Օդանավակայանում ինձ դիմավորել են ընկերներս, մտերիմներս, ինձ գնահատողները, Ֆեդերացիայից ոչ մեկը ո՛չ դիմավորել է, ո՛չ զանգել, ո՛չ էլ շնորհավորել», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց մարզիկը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաղթանակի հետ կապված կենսաթոշակ է հատկացրել մարզիկին։ 18-ամյա Էրիկը ասում է՝ մի քանի երկրներից առաջարկներ է ստացել, որ իրենց դրոշի տակ ելույթ ունենա։
«Ես ամեն ինչ անում եմ, հասկանում եմ, որ ինձ երեք միլիոն մարդ գնահատում է, բայց ֆեդերացիան էլ, ֆեդերացիայի նախագահն էլ են էդ երեք միլիոնի մեջ։ Ես գիտեմ, թե ինչպես ինձ կգնահատեն այլ երկրներում` թե՛ կողքիս կլինեն, թե՛ գումարներ կտրամադրեն։ Իսկ այստեղ՝ ոչ մի բան», - նշեց մարզիկը և ավելացրեց` եթե սկսի այլ երկրի դրոշով ելույթ ունենալ, երբեք չի փոխի իր մարզչին` Արմեն Հակոբյանին։
Իսրայելյանը այսօր սոցցանցերում տեղյակ էր պահել իր լսարանին, որ մտադիր է այլ երկրի դրոշի տակ ելույթ ունենալ։ Մեկնաբանություններում նրա որոշումը կապել էին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ համատեղ լուսանկարի հետ։
Մեզ հետ զրույցում նա ասաց՝ քաղաքականությունից հեռու մարդ է, գնահատում է այն մարդկանց, որոնք գնահատում են իրեն, իսկ իր անձնական տարածքում լուսանկար հրապարակելու հետ կապված ոչ մի խոսակցություն չէր կարող լինել։
Հիշեցնենք` Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Իսրայելյանը (60 կգ քաշային) նոյեմբերին Իսպանիայում երիտասարդների աշխարհի առաջնությունում իր տիտղոսներին ավելացրեց նաև աշխարհի առաջնության ոսկե մեդալը` եզրափակիչում հաղթելով Վրաստանի ներկայացուցիչ Գոչա Գուրդալավային: