ԱԺ–ն մեղմացնում է վերահսկողությունը պաշտոնյաների նվերների նկատմամբ

Առաջարկվում է նեղացնել պաշտոնյաների հետ փոխկապակցված անձանց շրջանակը, որոնց նվերները նույնպես պետք է հայտարարագրվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերիSputnik. ՀՀ ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց պաշտոնյաների նվերների նկատմամբ վերահսկողությունը մեղմող օրինագիծը։
Գործող օրենսդրությամբ վերահսկողության և հաշվառման են ենթակա պաշտոնյաներին տրվող նվերներն առանց բացառության, այդ թվում նրանք, որոնք պաշտոնյաները ստանում են արարողակարգով (կտավներ, գրքեր, ծաղկամաններ և այլն) և որոնք, որպես կանոն, փոխանցվում են գերատեսչությանը։
Առաջարկվում է այդ նվերների հաշվառում չիրականացնել, հաշվի առնելով, որ դրանք մատուցվում են հրապարակայնորեն, ինչը թույլ է տալիս հասարակական վերահսկողություն իրականացնել։
Բացի այդ, առաջարկվում է նեղացնել պաշտոնյաների հետ փոխկապակցված անձանց շրջանակը, որոնց նվերները նույնպես պետք է հայտարարագրվեն։
Նվերի դիմաց ի պաշտոնե որևէ գործողություն անելու ակնկալիքը կնվազեցվի. Հարությունյան
Հիշեցնենք` օրենքով նախատեսվում է ստեղծել թույլատրելի նվերների հաշվառման ռեեստր, որտեղ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր կլինեն հաշվառել 40 000-60 000 դրամ արժեքով նվերները։ Մինչև 40 000 դրամ արժեքը չգերազանցող թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման, եթե, իհարկե, տարվա մեջ 2 և ավելի անգամ չեն ստացվում նույն աղբյուրից, 60 հազար դրամը գերազանցող նվերները դառնում են պետական կամ համայնքային սեփականություն։
Ռեեստրը վարելու է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։
Խորհրդարանում ընդունվելուց հետո օրենքին նախատեսվում է իրավական ուժ տալ 2023 թվականի հունվարի 1-ից: