«Այո՛, հնարավոր է ծառայության վայրն ընտրել». Պապիկյանը` «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին

Սուրեն Պապիկյան
Սուրեն Պապիկյանը նշեց, որ պայմանագրային զինծառայողին հնարավորություն կտրվի պաշտպանելու իր մարզի, իր բնակավայրի սահմանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Պայմանագրային զինծառայողը 6 ամիս ծառայելուց հետո ծառայությունը իր բնակավայրի մոտ շարունակելու հնարավորություն կունենա։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան` անդրադառնալով «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին։
«Ծառայության վայրի ընտրություն հարցն օրենքով չի կարգավորվում. նախարարի հրամանով է այդ հարցը որոշվում։ Այո՛, հնարավոր է ծառայության վայրն ընտրել, սակայն առավելությունը պետք է տրվի այն զինծառայողներին, որոնք սահմանամերձ բնակավայրերում են բնակվում։ Այսինքն` եթե զինծառայողի բնակության վայրին մոտ մարտական հերթապահություն իրականացնող զորամաս կա, նա կարող է զեկուցագիր գրել և իր հետագա ծառայությունը կանցկացնի իր բնակավայրի մոտ»,–ասաց Պապիկյանը։
Նա նշեց նաև, որ հիմա այս ամենը հստակեցվում է, և ինֆորմացիոն աշխատանք են տանելու զինծառայողների ծնողների հետ։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, ըստ որի` 18-ամյա զինծառայողը 6 ամիս ծառայելուց հետո կարող է 5 տարով դառնալ պայմանագրային զինծառայող, ստանալ մինչև 380 հազար դրամ աշխատավարձ և օգտվել պայմանագրային զինծառայողի բոլոր արտոնություններից։
Պայմանագրի ժամկետի ավարտից կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամ զորացրվելուց հետո զինծառայողը, ըստ օրենքի, կստանա 5 մլն դրամ պարգևավճար։
Ինչո՞ւ ընդդիմությունը կողմ քվեարկեց «Պաշտպան հայրենյաց» ծրագրին. Սեյրան Օհանյանի պատասխանը