ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. ՎՏԲ-ն աննախադեպ DDoS հարձակման է ենթարկվում արտերկրից։ Բանկի համակարգերն աշխատում են բնականոն ռեժիմով, սակայն հնարավոր են ժամանակավոր դժվարություններ մի շարք հավելվածների աշխատանքում: Այս մասին հայտնում են վարկային կազմակերպության մամուլի ծառայությունից:
«ՎՏԲ-ն դիմադրում է խոշորագույն DDoS հարձակմանը։ Այն խոշորագույնն է ոչ միայն այս տարվա, այլև բանկի աշխատանքի ողջ ընթացքում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բանկի համակարգերն աշխատում են բնականոն ռեժիմով: Հաճախորդների տվյալները պաշտպանված են արտաքին միջամտությունից, դրանք գտնվում են բանկի տեխնոլոգիական ենթակառուցվածքի ներքին օղակում։
«Բանկի համակարգերի արտաքին եզրագծի վրա հարձակվող հաքերների գործողություններին դիմակայելու ընթացքում մասնագետներն անում են անհրաժեշտ և հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաճախորդները անհարմարություն չզգան ծառայություններից օգտվելիս։ Այնուամենայնիվ, հակադարձող միջոցներ օգտագործելիս պարբերաբար հնարավոր են ժամանակավոր դժվարություններ բանկային հավելվածների և VTB Online-ի վեբ տարբերակի աշխատանքում: Մենք ներողություն ենք խնդրում այս իրավիճակի համար և խնդրում ենք ըմբռնումով մոտենալ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
DDoS հարձակման վերլուծությունը վկայում է, որ այն պլանավորված և լայնածավալ բնույթ ունի, ավելացրել են մամուլի ծառայությունում։