Թուրքիայի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները հետևել են համատեղ զորավարժությանը Իրանի սահմանին

Արխիվային լուսանկար
Թուրք-ադրբեջանական զորավարժություններն անցկացվում են հիմնականում Իրանի հետ սահմանամերձ շրջաններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները ներկա են եղել երկու երկրների զինված ուժերի համատեղ զորավարժություններին։ Դրանք անցկացվում են Ադրբեջանի հիմնականում այն շրջաններում, որոնք սահմանակից են Իրանին։
Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, զորավարժությունները անցկացվում են Բաքվում, Աստարայի ու Իմիշլինի շրջաններում։ Զորավարժությունների մի մասն էլ անցկացվում է Ջրականում (Ջաբրայիլ), որն ադրբեջանական վերահսկողության տակ է անցել Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ընթացքում։
Զորավարժություններին մասնակցում են ցամաքային զորքերի, ավիացիայի, հատուկջոկատայինների և հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները։ Իրականացվում են տարբեր առաջադրանքներ` ռազմական գործողություններում հրետանու օգտագործում, խմբավորում, գետերի վրայով պոնտոնային կամուրջների ստեղծում, դեսանտի իջեցում և այլն։
Համատեղ վարժանքների ընթացքում հիմնական ուշադրությունը հատկացվել է զորքերի փոխգործակցության ժամանակ մարտական գործողությունների ներդաշնակեցմանը, կառավարման կատարելագործմանը, փորձի փոխանակմանը և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը:
Նշենք, որ սահմանի մյուս կողմում վերջերս տեղի են ունեցել իրանական բանակի զորավարժությունները, որոնք բուռն դժգոհություն են առաջացրել Բաքվում։
Ի՞նչ պետք է անի Հայաստանը. Ներսիսյանը խոսել է թուրք–ադրբեջանական զորավարժությունների մասին