«Լաոն կզարթնի». Արթուր Խաչատրյանն ասաց` կլինեն փողոցային նոր ակցիաներ

Ընդդիմադիր պատգամավորը նշում է, թե քաղաքացիները պետք է հավատան իրենց և երբ կարիք լինի, կրկին փողոց դուրս գան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում նոր փողոցային ակցիաներ կլինեն։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Թե երբ կլինեն ակցիաները, այս պահին ասել չեմ կարող։ Սակայն երբ կոչ անենք դուրս գալ փողոց, քաղաքացիները պետք է հավատան և դուրս գան փողոց։ Իրավիճակն անհույս չէ` դեռ հնարավոր է ամեն ինչ փրկել, չնայած քաղաքացիների մոտ ապատիայի իրավիճակ է»,–ասաց նա։
Խաչատրյանի խոսքով` եթե մարդիկ, որոնք դժգոհություն ունեին, միանային իրենց շարժմանը, իրավիճակն ավելի լավըկլիներ։ Նա նշեց, թե ընդդիմությունն այսօր աշխատում է ինչպես խորհրդարանում, այնպես էլ դրանից դուրս։
Հարցին, թե հնարավոր չէ՞, որ արդեն ուշ լինի ակցիաներ անելու համար,Խաչատրյանը պատասխանեց` ոչ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն ազդարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
«Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հունիսի 14-ին հայտարարեց, որ վրանային ավանը լիարժեք կատարել է իր գործը, և հունիսի 15-ին վրանները հավաքելու են: Դա, սակայն, ընդդիմադիրի խոսքով, ամենևին էլ պայքարի ավարտ չի նշանակում. գնալու են մինչև վերջ: