ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելը խնդրահարույց է։ ԵԱՀԿ ԽՎ–ում հայկական պատվիրակության անդամների՝ ԱԺ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը` անդրադառնալով դեկտեմբերի 3–ին որոշ ժամանակ ճանապարհը փակելու խնդրին։
Հայտնել էինք, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
«Այն, ինչ տեղի է ունեցել մի քանի օր առաջ, ինչի արդյունքում դե ֆակտո Լաչինի միջանցքը փակվել է, բնականաբար, խնդրահարույց է։ Կարծում ենք, որ ռուս խաղաղապահների հետ պետք է անենք ամեն ինչ, որ նման բան չկրկնվի»,–ասաց Աղաջանյանը։
Նրա խոսքով` 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրվում է, որ Լաչինի միջանցքը պետք է գործի միայն ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, Հայաստան–Արցախ կապը պետք է առանց խոչընդոտների լինի։ Այս համատեքստում, ըստ Աղաջանյանի, որևէ խոչընդոտող դետալ անընդունելի է։
Հիշեցնենք, որ երեկ` դեկտեմբերի 5-ին, լուրեր էին շրջանառվում, թե Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում տեղադրվելու է ադրբեջանական հենակետ։
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարությամբ հանդես եկավ` հերքելով այդ լուրերն ու ասելով, որ տարածվող լուրերը կեղծ են։
Նշվում էր, որ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարցի շուրջ քննարկում է կազմակերպվել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի հետ, որի ընթացքում վերջինս հայտարարել է, որ միջանցքում հենակետ չի լինելու, այն ադրբեջանցիների կողմից չի վերահսկվելու և միջանցքում՝ խաղաղապահների տեղակայման վայրերում, ադրբեջանցիներ չեն լինելու: