Կառավարությունն առաջարկում է նվազեցնել պաշտոնյաների հավելավճարները

Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի խոսքով` նվազեցումները պայմանավորված են այն հանգամանքով, որ 2023 թվականին նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից բարձրացվում է մինչև 75 հազար դրամ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում նախատեսվում է փոփոխություններ կատարել, այն է` նվազեցնել ՍԴ նախագահի, փոխնախագահի, դատավորի, այդ թվում և որոշ այլ դատարանների դատավորների համար մինչ այս սահմանված հավելումները։ Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը:
Նրա խոսքով՝ նվազեցումները պայմանավորված են այն հանգամանքով, որ 2023 թվականին նվազագույն աշխատավարձը բարձրացվում է` 68 հազար դրամից հասցվելով 75 հազար դրամի:
Զինծառայողները կկարողանան ատեստավորում անցնել և հավելավճար ստանալ. Պապիկյան
Քալաշյանը շեշտեց, որ աշխատավարձերի բարձրացումը հանգեցրել է նրան, որ կառավարության կողմից առաջարկված «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով բազային աշխատավարձը սահմանվել է 83 հազար 200 դրամ։ Սա, ըստ նրա, համապատասխանում է վարձատրության մասին օրենքով սահմանված կանոնին, այն է՝ բազային աշխատավարձը պիտի կազմի նվազագույն անվանական ամսական աշխատավարձի 80-100%-ը։
Նա պարզաբանեց, որ դրանով բոլորի աշխատավարձերը պետք է բարձրանային բազայինի համամասնությամբ, ինչը չէր ապահովվում։ Եվորպեսզի այդ հավելումներով պայմանավորված՝ լրացուցիչ աշխատավարձի և հիմնական աշխատավարձի համախառն եկամտով խզվածքը այլ համանման գործառույթներ իրացնող անձանց միջև չմեծանար, կառավարությունը գնում է նման փոփոխության:
«Նախագծով ՍԴ նախագահի, փոխնախագահի և դատավորի համար մինչ այս սահմանված 80% հավելումը նվազեցվում է և դարձվում 70%։ Հակակոռուպցիոն դատարանի դատավորի համար սահմանված 70% հավելումը նվազեցվում է մինչև 60%»,– ասաց Քալաշյանը:
Նա ընդգծեց, որ Վերաքննիչ քրեական դատարանի կոռուպցիոն հանցագործությունների գործերը քննող առանձին դատավորներին և Վերաքննիչ քաղաքացիական դատարանի քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործեր քննող առանձին դատավորների հավելումները 60%-ից նվազեցվում են ու դարձվում 55%, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնողների և կոմիտեի ծառայողների 100%-ի հավելումը՝ 92%:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հետին թվով հավելավճար կստանա