ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունները մի ձեռքով բարձրացնում են թոշակները, մյուսով` զրկում աղքատության նպաստից։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստանի» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Թոշակները ՀՀ–ում սեպտեմբերից բարձրացել են, բայց կան դեպքեր, երբ ընտանիքները դրա պատճառով զրկվել են նպաստից (քանի որ նրանց ընդհանուր եկամուտն աճել է)։
«Ստացվում է, որ մի կողմից մարդու թոշակը մի քանի հազար դրամով բարձրացնում են, իսկ մյուս կողմից` զրկում 31 հազար դրամանոց նպաստից»,– նշեց Ավետիսյանը։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը պարզաբանում էր տարածել` պայմանավորված եկամտի ավելացմամբ (օրինակ՝ աշխատավարձ, կենսաթոշակ կամ ամսական պարբերականությամբ վճարվող որևէ այլ եկամուտ) քաղաքացին կարող է դուրս մնալ անապահովության գնահատման համակարգից․ ընթացակարգը նոր չէ, գործում է համակարգի ներդրման պահից։ Համակարգից դուրս մնացած, բայց աջակցության կարիք ունեցող քաղաքացիները կարող են դիմել եռամսյակային հրատապ օգնություն ստանալու համար, որի չափը հավասար է սոցիալական նպաստի չափին (ամսական՝ 18 հազար դրամ):
Միաժամանակ ընտանիքը կարող է չստանալ ընտանեկան կամ սոցիալական նպաստ, բայց կարող է շարունակել օգտվել այլ աջակցություններից։ Այս դեպքում կենսաթոշակի բարձրացման հիմքով անապահովության գնահատման համակարգից դուրս մնացած ընտանիքները կշարունակեն օգտվել կոմունալ զեղչերից (նվազ սակագներ՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց)․ վերոնշյալ հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ ոչ թե «28.00», այլ՝ «20.00» միավոր, իսկ կենսաթոշակի չափի բարձրացումը միավորի կտրուկ փոփոխություն՝ «28.00»–ից «20.00» միավորի միջակայքում չի բերել։
Այս պահին ընտանեկան/սոցիալական նպաստ է ստանում շուրջ 72500 ընտանիք։
Հիշեցնենք, որ բազային կենսաթոշակներն ու հաշմանդամության նպաստները կառավարությունը 2022թ–ի սեպտեմբերի 1-ից արդեն բարձրացրել է 3000 դրամով` 28 600 դրամից հասցնելով 31 600–ի։ Այս ավելացումն ի սկզբանե ծրագրված էր 2023թ–ի հունվարի 1-ից։