ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Սեմերու հրաբուխը վերջին վեց ժամում ժայթքել է 22 անգամ` Ինդոնեզիայի Ճավա կղզում առաջացնելով տաք ամպեր, լավայի հոսանքներ և գետեր։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով երկրի պաշտոնական աղբյուրներին:
«Տեղի է ունեցել 22 ժայթքում` 60-155 վայրկյան տևողությամբ»,-այսօր հայտարարել է հրաբխային ծառայության ներկայացուցիչ Մուկդաս Սոֆիանը:
Նա ավելացրել է, որ տարհանված բնակիչները դեռ չեն կարողանում տուն վերադառնալ տաք ամպերի, լավայի հոսքերի և գետերի վտանգավորության պատճառով:
Ինդոնեզիայի առավել բնակեցված մասի` Ճավա կղզու ամենաբարձր հրաբուխը՝ Սեմերուն, սկսել է ժայթքել դեկտեմբերի 4-ին: Մոխրե սյունի բարձրությունը խառնարանից հասել է մեկուկես կիլոմետրի։
Զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել, իսկ տարհանված բնակիչների թիվը գերազանցել է 2,3 հազարը։
Ինդոնեզիան հաճախ է տուժում երկրաշարժերից, հրաբխային ժայթքումներից և ցունամիներից «Հրե օղակում» գտնվելու պատճառով: Դա հրաբուխների և տեկտոնական խզվածքների գոտի է 40 հազար կիլոմետր երկարությամբ, որը շրջապատում է Խաղաղ օվկիանոսը:
Հենց «Հրե օղակում» է գտնվում մոլորակի մոտ մեկուկես հազար հայտնի հրաբուխների գրեթե 90 տոկոսը։ Այնտեղ է տեղի ունենում նաև Երկրի բոլոր երկրաշարժերի 90 տոկոսը։