ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը կարող է կայանալ 2023 թվականի երկրորդ կեսին։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստին է հայտնել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Օրհան Միրիօղլուն։
«Սիրիական կողմը, դատելով հայտարարություններից, ցանկանում է հետաձգել հանդիպումը, մինչև Թուրքիայում նախագահական ընտրություններ կանցկացվեն», - հայտարարել է Միրիօղլուն:
Նա նշել է, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) և Քրդական ժողովրդի պաշտպանության ջոկատներին (YPG) հեշտ չէ համոզել, որպեսզի հետ քաշվեն Թուրքիայի սահմանից, քանի որ դա նրանց համար հավասարազոր կլինի չեզոքացման։
«Այդ ուժերը 70-80 հազար մարդ ունեն, նրանք պետք է ամբողջությամբ ընդգրկվեն սիրիական բանակի կազմում», - նշել է քաղաքական գործիչը:
Նրա կարծիքով ՝ Դամասկոսը պատրաստ չէ այդ գործընթացը քննարկել առանց Թեհրանի մասնակցության, ինչն ավելի է բարդացնում իրավիճակը։
Միրիօղլուն նշել է, որ Թուրքիան այժմ Քրդստանի աշխատավորական կուսակցության ու Քրդական ժողովրդի պաշտպանության ջոկատների պատճառով դեմ առ դեմ է դուրս եկել ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Իրանի և նույնիսկ Սիրիայի հետ։
«Սա չափազանց զգայուն գործընթաց է, որն անկասկած կազդի 2023 թվականի ընտրությունների վրա», - նշել է քաղաքական գործիչը։
Թուրքիան նոյեմբերի 20-ից օդային գործողություն է իրականացնում Սիրիայի հյուսիսում քրդական կազմավորումների դեմ։ Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ դրան կհաջորդի նաև ցամաքային գործողությունը: