ՀՀ–ի, ՌԴ–ի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ աշխատանքային խմբի նիստ է կայացել

ՀՀ–ի, ՌԴ–ի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ նիստ. արխիվային լուսանկար
Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում երկաթուղի կառուցելու, երկաթուղային հաղորդակցությունը զարգացնելու և փոխադրումներ կազմակերպելու հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Այսօր Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` կողմերն ընդգծել են Ռուսաստանի Դաշնության դրական դերը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև նրանց միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ ջանքերի գործադրման հարցում:
Նիստի ընթացքում քննարկվել են հարցեր` կապված Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ու տարածաշրջանում երկաթուղու կառուցման, երկաթուղային հաղորդակցության զարգացման և փոխադրումների կազմակերպման հետ։
Կողմերը կշարունակեն աշխատել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ուղղությամբ։
Հայկական և ադրբեջանական կողմերն իրենց երախտագիտությունն են հայտնել ռուսական կողմին բարձր մակարդակով հանդիպման կազմակերպման և հյուրընկալության համար։
Հիշեցնենք՝ օգոստոսի 30-ին Մոսկվայում տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երկրորդ նիստը։
Իսկ մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի էր ունեցել Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։