ԵՄ երկրները չեն կարողացել համաձայնեցնել Ուկրաինային տրամադրվելիք օգնության նոր փաթեթը

Չեխիայի ֆինանսական գերատեսչության ղեկավարի խոսքով` ԵՄ երկրները ստեղծված իրավիճակից ելք են փնտրելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ԵՄ երկրների էկոնոմիկայի և ֆինանսների նախարարները այսօր կայացած նիստի ընթացքում չեն կարողացել համաձայնության գալ Ուկրաինային մակրոֆինանսական վարկային աջակցություն տրամադրելու նոր փաթեթի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ԵՄ խորհրդում նախագահող Չեխիայի ֆինանսների նախարար Զբինեկ Ստանյուրան։
«Ցավոք, փաթեթն ամբողջությամբ մեզ չհաջողվեց ընդունել», – նիստի բաց մասի ընթացքում հայտարարել է նա։
Ուկրաինային ռազմական օգնության ամենախոշոր փաթեթը հատկացվեց. Բայդենի հայտարարությունը
Նշենք, որ փաթեթը 2023 թվականի համար մինչև 18 մլրդ եվրո օգնություն է ենթադրում։
Ինչպես նշում են ԶԼՄ–ները, պայմանավորվածության հասնելու հնարավորությունն արգելափակել է Հունգարիան։
Ստանյուրայի խոսքով` ԵՄ–ն ստեղծված իրավիճակից ելք է փնտրելու։
Նոյեմբերի 9-ին Եվրահանձնաժողովը հաջորդ տարվա համար մինչև 18 մլրդ եվրոյի մակրոֆինանսական վարկային աջակցության նոր փաթեթ է առաջարկել Ուկրաինային։ Այն ժամանակ ԵՀ–ում նշում էին, որ առաջին փոխանցումը կցանկանային կատարել արդեն հունվարին։ Սակայն մակրոֆինանսական այդ աջակցությունից գումար տրամադրելու համար այն պետք է համաձայնեցվեր ԵՄ երկրների և Եվրախորհրդարանի հետ։
Խորհրդարանը ԵՀ–ի առաջարկած փաթեթին հավանություն էր տվել նոյեմբերին վերջին։
Կանադան և Գերմանիան համաձայնեցրել են Ուկրաինայի ռազմական օգնության նոր փաթեթը. Շոլց