ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն այս պահի դրությամբ ճգնաժամային է. Աղաջանյան

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերին. Արխիվային լուսանկար
Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ Մինսկի խմբի 3 պետությունները խնդիր ունեն մի սեղանի շուրջ նստելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն այս պահի դրությամբ ճգնաժամային է։ ԵԱՀԿ ԽՎ–ում Հայաստանի ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
«Մինսկի խմբի ձևաչափը, առնվազն Ուկրաինայում պատերազմից օբյեկտիվ պատճառներով, խնդիրների առաջ է կանգնած։ 3 պետությունները խնդիր ունեն մի սեղանի շուրջ նստելու, էլ չեմ ասում բովանդակային, քաղաքական, կառուցողական միջավայրում հարցեր քննարկելու։ Մինսկի խմբի գործունեությունն այս պահի դրությամբ ճգնաժամային է` հաշվի առնելով այն իրավիճակը, որում հայտնվել են դրա անդամ 3 երկրները»,–ասաց Աղաջանյանը։
Նա նշեց, որ ԵԱՀԿ ԽՎ–ին ռուսական պատվիրակությունը չէր մասնակցում, ինչը հավելյալ ապացույցն է այդ ճգնաժամի։ Այսինքն, ԵԱՀԿ–ն որպես մարմին ամենաօբյեկտիվը չի լինի, որպեսզի գնահատի Միսնկի խմբի աշխատանքները։
Հիշեցնենք` ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար։ Խմբի ձևավորման մասին որոշումն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարների խորհուրդը 1992 թվականի մարտի 24-ին։ Մինսկի խմբում ընդգրկված են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը։ 1997 թ. ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ)։
ԱՄՆ–ն Մինսկի խումբն օգտագործել է նախևառաջ իր հարցերը լուծելու համար. միջազգայնագետ