Սյունիքում սահմանամերձ դարձած որոշ բնակավայրերի այլընտրանքային ճանապարհները կառուցվում են մեծ դժվարություններով։ Spuntik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Ճանապարհաշինարարների հայկական ասոցիացիայի նախագահ, «Ճանապարհաշինարար» ընկերության տնօրեն էդուարդ Բեզոյանը, որին վստահված է այդ ճանապարհների կառուցումը։
Խոսքը մասնավորապես վերաբերում է Խոտ-Որոտան, Լաչինի միջանցքի նոր երթուղու՝ Հագարի գետ-Կոռնիձոր-Տեղ ճանապարհահատվածին։
«Բնակլիմայական վատ պայմաններ են, ամեն քայլափոխի խնդիր է, որը լուծում է պահանջում։ Հիմա, ինչպես ասում են, ասֆալտ փռողը չի կարող գործ անել, բայց այդ բարդությունները պետք է հաղթահարենք, ուզում ենք անպայման ժամկետներում անենք, վերջացնենք»,– ասաց Բեզոյանը։
Նրա խոսքով` Կոռնիձորի ճանապարհը, որը շուրջ 11 կմ է, չնայած դժվարություններին, նախատեսվում է ավարտվել 2023 թվականի ապրիլի 1–ին։ Այդ ճանապարհի կառուցման համար հատկացվել է 9 միլիարդ դրամ։
Սակայն անհամեմատ մեծ խնդիրներ են առաջանում Խոտ–Որոտան ավտոճանապարհի շինհրապարակում։ Շուրջ 11.5 կմ–անոց ճանապարհահատվածում անընդհատ սողանքներ և փլուզումներ են, ինչն էլ պատճառ է դառնում աշխատանքների անընդհատ հետաձգման։
«Խոտ–Որոտանի համար հատկացվել է 4-5 միլիարդ դրամ։ Այդ ճանապարհը, որը մոտ 11.5 կմ է, ավելի բարդ է, քան Կոռնիձորի ճանապարհը, թեպետ ծավալներով ավելի քիչ է»,–ասաց նա։
Հետևաբար, թեպետ Խոտ–Որոտան ճանապարհի կառուցումը սկսվել է դեռ 2021 թվականին, սակայն Բեզոյանի կարծիքով` եթե մինչև 2023 թվականի վերջ այդ ճանապարհահատվածի շինարարությունը ավարտեն, հերոսություն կլինի։
Նկատենք, որ նշված ժամկետները չեն համապատասխանում նախապես հայտարարվածին։ Ավելի վաղ ասվել էր, որ Խոտ–Որոտանի հողային պաստառի և արհեստական կառուցվածքների կառուցումը նախատեսված է ավարտել 2022թ-ին, իսկ ճանապարհային պատվածքն իրականացնել 2023թ.-ին։
Այնուամենայնիվ մասնագետը պնդում է, որ կառուցվող ճանապարհները համահունչ են լինելու ժամանակակից ճանապարհաշինության բոլոր նորմերին։ Այն լինելու է ռազմավարական նշանակության ճանապարհ և նախատեսված է լինելու բոլոր տիպի մեքենաների համար։