ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը, որն անցնում է Վերին Լարսով, մերկասառույցի ու ձյան պատճառով փակ է բեռնատարների համար: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։
«Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջպետական ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար», – ասված է հաղորդագրությունում։
Գուդաուրի-Կոբի և Մլետա-Գուդաուրի հատվածներում երթևեկությունը բաց է մյուս տրանսպորտային միջոցների համար։
Հիշեցնենք, որ Վրաստանը Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի-Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը 9 կիլոմետրանոց թունելի մասին է, որը գտնվում է Խաչի լեռնանցքի տակ։
Նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, 6 կամուրջ և 5 թունել։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024 թ.-ի վերջին։