ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. «Կռիլյա Սովետովի» և Ռուսաստանի հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն հայտարարել է, որ մտադիր չէ փոխել քաղաքացիությունն ու հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում, հայտնում է «РБ Спорт»-ը:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ այս պահին չեմ շփվում: Ռուսաստանի հավաքականի օգտին որոշումս վերջնական է: Չեմ դիտարկում մարզական քաղաքացիությունս փոխելու և Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու տարբերակը, քանի որ Ռուսաստանից հանդես գալու որոշումս կշռադատված է»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանի հավաքականը հետաքրքրված է հայկական արմատներ ունեցող Կովալենկոյին հավաքական հրավիրելու տարբերակով:
Ընթացիկ մրցաշրջանում Կովալենկոն 20 հանդիպման է մասնակցել «Կռիլյա Սովետովի» կազմում, դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Նա նաև իր նորամուտն է նշել Ռուսաստանի հավաքականի կազմում՝ մասնակցելով Ղրղզստանի հետ ընկերական խաղին (2-1):
Հավելենք, որ Ալեքսանդր Կովալենկոն «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Կովալենկոյի թոռն է։ Նրա մայրը հայ է, իսկ հայրը՝ կիսով չափ հայ, կիսով չափ՝ ռուս։