Հեղուկ նիկոտին պարունակող էլեկտրոնային ծխախոտները 2023-ի մարտից կհարկվեն ակցիզային հարկով

IQOS. Արխիվային լուսանկար
Արտադրողների ու ներմուծողների համար օրենքն ընդունվելու դեպքում ուժի մեջ կտնի մարտի 1-ից, իսկ վերավաճառողների համար` ապրիլի 1-ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Հեղուկ նիկոտին պարունակող ծխախոտային միջոցները 2023թ–ից Հայաստանում կսկսեն հարկվել ակցիզային հարկով, այնպես, ինչպես ներկայում հարկվում են մնացած ծխախոտային արտադրանքները։
Այս մասին այսօր ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը` ներկայացնելով հարկային օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխությունների նախագիծը։
«Այս արտադրատեսակը փոխարինում է ավանդական ծխախոտային արտադրատեակին և շուկայում արդեն բավական մեծ մասնաբաժին ունի, և, ինչպես ծխախոտային այլ արտադրանքները, ենթադրում է վնասակար սպառում»,– ասաց Պողոսյանը։
Քանի որ հայաստանյան շուկայում արդեն իսկ առկա է որոշակի խմբաքանակ, որ ներմուծվել է մինչ ակցիզային հարկի կիրառումը, կառավարությունն առաջարկում է արտոնյալ ժամկետ սահմանել` արդեն ներկրված ապրանքն առանց ակցիզի իրացնելու համար։ Արտադրողների ու ներմուծողների համար օրենքն ընդունվելու դեպքում ուժի մեջ կտնի մարտի 1-ից, իսկ վերավաճառողների համար` ապրիլի 1-ից։
Ակցիզային հարկը կկազմի նիկոտինի 1 մլ–ի դիմաց 55 դրամ։
Հայաստանում ծխելու հետևանքով տարեկան 5500 մարդ է մահանում. ի՞նչ են ասում մասնագետները
Նշենք, որ օրենքի փոփոխության նախագիծն ԱԺ–ում առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է։ Առաջին ընթերցումից հետո կառավարությունը որոշակի փոփոխություններ է կատարել, մասնավորապես` վերանայել է օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետները։
Երկրորդ ընթերցմամբ նախագիծը խորհրդարանում կքննարկվի մինչև տարեվերջ։