ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. «Մանկական Եվրատեսիլ-2022» միջազգային երգի մրցույթին Հայաստանը ներկայացնող Նարե Ղազարյանն իր «Dance» երգով հանդես կգա 15 համարի ներքո։ Վիճակահանությունը տեղի ունեցավ քիչ առաջ` Հայաստանի Ազգային պատկերասրահում։ Նշենք, որ այս տարի Հայաստանում մեկ հարկի տակ են համախմբվելու 16 երկրի ներկայացուցիչ։ Մրցույթն անցկացվելու է դեկտեմբերի 11-ին։
Առաջին համարի ներքո ելույթ կունենա Նիդեռլանդների ներկայացուցիչը, մրցույթը կեզրափակի Ուկրաինան։
«Մանկական Եվրատեսիլ-2022-ը» անցկացվելու է 2021 թվականին հաղթող երկրում` Հայաստանում։ Շոուները տեղի են ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այս տարի երգի մրցույթն իր 20-րդ պտույտն է կատարում արևի շուրջը, այդ պատճառով ընտրվել է «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը, իսկ խորհրդանիշը միջազգայնորեն ճանաչված խաղալիքն է` հոլը, որի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին և զարդարված է ազգային նախշերով։
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող 14-ամյա Մալենան հաղթել էր «Մանկական Եվրատեսիլ-2021»–ում։ Մրցույթն ընթացել էր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Մալենան կատարել էր «Քամի–քամի» երգը։