Գնաճը դանդաղում է. 2023թ–ի համար կանխատեսումները լավատեսական են, «եթե»–ները` շատ

Տնտեսագետ Էդգար Աղաբեկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում չի բացառել, որ 2023թ–ին գնանկումն առավել նկատելի կլինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Նելլի Դանիելյան. 2022թ–ին Հայաստանում նկատված բավականին բարձր գնաճը 2023թ–ին կարող է նկատելիորեն մեղմանալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կանխատեսում արեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Էդգար Աղաբեկյանը` հիմնվելով հայաստանյան ու համաշխարհային տնտեսական միտումների վրա։
«Համաշխարհային խոշոր տնտեսություններում ռեցեսիոն սպասումներ կան, որ ընդհանուր պահանջարկի նվազման են բերելու, ու այդ ֆոնին նաև նվազում են հիմնական հումքերի, ապրանքների գները։ Այս հիմքով` հաջորդ տարվա համար սպասում կա, որ գնաճը բավականին մեղմվելու է։ Հայաստանի դեպքում համաշխարհային այս միտումներին գումարվում է նաև դոլարի փոխարժեքի կայունացումը ցածր մակարդակի վրա։ Ու այս գործոնների ամբողջությունը հայաստանյան ներքին շուկայում որոշակի գների մեղմացման է տանելու»,– ասաց Աղաբեկյանը։
Տնտեսագետի դիտարկմամբ` գների կայունացման գործընթացի մեկնարկն արդեն նկատելի է, և այդ մասին են վկայում ինչպես համաշխարհային, այնպես էլ հայաստանյան սպառողական գների վերջին տվյալները։ Ընդ որում` եթե համաշխարհային տնտեսության առկա տենդենցը պահպանվի մինչև տարեվերջ, ապա տնտեսագետը չի բացառում, որ 2023թ–ին գնանկումն առավել նկատելի կլինի։
ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալները վկայում են, որ նախորդ ամիսներին հայաստանյան սպառողական շուկայում պարբերաբար արձանագրվող գնաճի տեմպը ս.թ. նոյեմբերին դանդաղել է։ Որոշ ծառայություններ ու ապրանքատեսակներ հոկտեմբերի համեմատ նույնիսկ էժանացել են։ Գների 0.5 տոկոս նվազում է եղել տրանսպորտի, հանգստի ու մշակույթի ոլորտներում։ Սնդամթերքից էժանացել է թռչնամիսը (0,7%–ով), կարագն ու ձեթը (0,4%–ով), որոշ չափով կայունացել են նաև տավարի, խոզի մսի, ինչպես նաև հացի ու հացամթերքների գները։
Նվազագույն աշխատավարձի բարձրացումն այս պահին որևէ կերպ գնաճի հետ «չի խոսում»
Համեմատության համար նշենք, որ 2021թ–ի նոյեմբեր ամսվա համեմատ 2022թ–ի նոյեմբերին հացը Հայաստանում թանկացել է 15.8, մակարոնեղենը` 28.1, ալյուրը` 9.9 տոկոսով։
Հացահատիկի այս կտրուկ թանկացումը ևս տնտեսագետը մեկնաբանում է համաշխարհային զարգացումներով, մասնավորապեսռուս–ուկրաինական կոնֆլիկտի հետևանքով առաջացած աշխարհաքաղաքական ու լոգիստիկ խնդիրներով։ Ու թեև համաշխարհային շուկայում արդեն լավատեսական որոշ կանխատեսումներ կան, սակայն ընդհանուր լարվածությունը, Էդգար Աղաբեկյանի դիտարկմամբ, հացահատիկի համաշխարհային շուկայում դեռ պահպանվում է։
«Բայց եթե իրականանան այն կանխատեսումները, որ որոշ երկրներում տնտեսական զարգացումը դանդաղելու է, և դա բնականաբար ազդելու է նաև այդ ապրանքատեսակների պահանջարկի վրա, ապա դրանց գներն էլ որոշակիորեն կարող են նվազել»,– ասում է Աղաբեկյանը` միաժամանակ, սակայն, հավելելով, որ աշխարհաքաղաքական ներկայիս անորոշությունների ֆոնին կանխատեսում անելը ոչ միայն անշնորհակալ գործ է, այլև գրեթե անհնար։
Նշենք, որ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) օրերս հրապարակած վերջին զեկույցի համաձայն` համաշխարհային շուկայում ևս պարենային ապրանքների, այդ թվում հացահատիկի գների կայունացում ու նույնիսկ նվազում է արձանագրվել։
Ցորենի և եգիպտացորենի համաշխարհային գները, ըստ այդ զեկույցի,վերջին 1 ամսվա ընթացքում նվազել են համապատասխանաբար 2,8 և 1,7 տոկոսով։ 1,2 տոկոսով նվազել են նաև կաթնամթերքի գները։ FAO–ի վերլուծաբանները դա մեկնաբանում են կարագի և կաթի փոշու էժանացմամբ, որն էլ իր հերթին դրանց ցածր պահանջարկի հետևանք է։
Իսկ ահա բրնձի ու շաքարավազի գները համաշխարհային շուկայում ոչ միայն շարունակում են բարձր մնալ, այլև նոյեմբերին դարձյալ թանկացել են` բրինձը` 2,3, շաքարավազը` 5,2 տոկոսով։ 2023թ–ի համար ևս կանխատեսումները լավատեսական չեն։ Սպասվում է, որ բրնձի համաշխարհային արտադրությունը կնվազի 2,4 տոկոսով, ինչը նշանակում է, որ բրինձը 2023–ին նույնպեսէժան չի լինելու։ Շաքարավազի թանկացումըփորձագետները կապում են համաշխարհային պաշարների դեֆիցիտի հետ, որն առաջացել է խոշոր արտադրող երկրներում բերքահավաքի հետաձգման ու Հնդկաստանում շաքարավազի արտահանման քվոտայի պատճառով։
«Տնտեսությունում գերտաքացած իրավիճակ է». ԿԲ նախագահը մինչև տարեվերջ գնաճ է կանխատեսում
Այնպես որ,Հայաստանի պառողական շուկայում կարևոր դեր ունեցող այս երկու ապրանքների գները դեռ շարունակում են աճել։ Բրինձը հոկտեմբեր– նոյեմբերին թանկացել է 0.6 տոկոսով, շաքարավազը` 0.3։
Բացի այդ, հայաստանյան տնտեսության ու նաև սպառողական գների վրա բավական մեծ է դոլարի փոխարժեքի ազդեցությունը։ Ու եթե 2023թ–ին դոլարն ինչ–ինչ պատճառներով սկսի վերականգնել դրամի նկատմամբ իր կորցրած դիրքը, դա ևս բացասաբար կազդի սպառողական ու հատկապես ներկրվող ապրանքների գների վրա։