Գերիների, պատանդների և անհետ կորածների հանձնաժողովը շուրջ երկու տարի չի աշխատել. Օհանյան

Սեյրան Օհանյան
Սեյրան Օհանյանը նշում է, որ շուրջ 2 տարի գերիների, պատանդների և անհետ կորածների հետ կապված գործընթացը հատվածական ձևով է իրականացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Գերիների, պատանդների և անհետ կորածների հանձնաժողովը շուրջ երկու տարի չի աշխատել. սա պետական կառավարման լուրջ բացթողում է։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Միայն վերջին մեկ ամսում նկատեցինք, որ ԱԱԾ պետի գլխավորությամբ այդ հանձնաժողովի նիստ է անցկացվել։ Այսինքն` շուրջ 2 տարի այդ գործընթացը հատվածական ձևով են իրականացրել, և քննադատելուց հետո սկսեցին աշխատել»,– ասաց նա։
Ըստ Օհանյանի` գերիների, պատանդների և անհետ կորածների հարցով դժվարություններ են եղել, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև միշտ բացակայել է ուղիղ կապը։
«Բայց կարծում եմ, որ ներկայիս իշխանությունների օրոք այս վերջին բանակցային գործընթացում այդ կապը պետք է լինի։ Այդ կապի շրջանակում ԱԱԾ–ից պետք է հետաքրքրվել` օպերատիվ-հետախուզական գործողություններն ամբողջությամբ են իրականացվել, թե ոչ»,–ասաց պատգամավորը։
Նա հայտնեց, որ շաբաթ օրը Վարդենիսում այցելել են սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհվածներից մեկի ընտանիք. տղայի մարմինը մինչ օրս մնում է միջդիրքային տարածությունում։ Օհանյանի խոսքով` պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի այն մարմինները, որոնք միջդիրքային հատվածում են, վերադարձվեն։
Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ կայացել է գերիների, պատանդների և անհետ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը:
Ադրբեջանը ամեն կերպ ձգձգում է 16 անհետ կորածների մարմինների վերադարձը. Փաշինյան