Բաքուն ցանկանում է փակել Լաչինի միջանցքը. Ալեն Սիմոնյանը` ՀԱՊԿ ԽՎ–ի նիստում

Լաչինի միջանցք
ՀՀ Ազգային ժողովի նախագահի խոսքով` այսօր ՀՀ–ի առջև խնդիր է դրված պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հարավային մասի հետ կապող Լաչինի միջանցքը փակելու համար։ Մոսկվայում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում այս հայտարարությունն է արել Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։
«Այսօր մեր առջև խնդիր է դրված պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Ադրբեջանը սկսել է հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն այլևս գոյություն չունի, ինչպես նաև գոյություն չունի Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության հասկացություն։ Օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պահանջել է, որ ՌԴ խաղաղապահներն էլ չօգտագործեն Լեռնային Ղարաբաղ անվանումը և հայկական տեղանունները», - հիշեցրել է Սիմոնյանը։
Նա շեշտել է, որ Լաչինի միջանցքը կարևորագույն հումանիտար նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի հայերի կենսապահովման համար:
Հայաստանը երբեք չի խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Ալեն Սիմոնյան
Նշենք, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը և ՀԱՊԿ ԽՎ XV լիագումար նիստը անցկացվում են Մոսկվայի Միությունների տան սյունազարդ դահլիճում:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: