Աշոտյանի ելքը երկրից արգելվել է կամայականորեն. փաստաբանը բողոքարկել է քննիչի որոշումը

2022 թվականի նոյեմբերի 16-ին Արմեն Աշոտյանի ելքը ՀՀ-ից ապօրինաբար սահմանափակելու առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացվել էր հաղորդում հանցագործության մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի` ՀՀ տարածքից դուրս գալը արգելելու մասին որոշումը փաստաբան Տիգրան Աթանեսյանը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազին։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Աթանեսյանը։
Մերժման դեպքում Աշոտյանի պաշտպանը պատրաստվում է դիմել դատարան։
«Սույն թվականի նոյեմբերի 16-ին Արմեն Աշոտյանի ելքը ՀՀ-ից ապօրինաբար սահմանափակելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացվել էր հաղորդում հանցագործության մասին: Հաղորդումը գլխավոր դատախազության կողմից վերահասցեագրվել էր ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին: Նոյեմբերի 28-ին հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը մերժել է քրեական վարույթը նախաձեռնելը` պատճառաբանելով, որ ՀՀ քրեական օրենսգրքում չկա հոդված, որին կհամապատասխաներ հաղորդման մեջ նկարագրված դեպքը: Այսինքն՝ մարդուն առանց որևէ օրինական հիմքի ՀՀ տարածքից դուրս գալն արգելելը, ըստ քննիչի, որևէ հանցագործության հատկանիշ չի պարունակում»,– ասված է հաղորդագրությունում:
Աթանեսյանը վստահեցրել է, որ քրեական վարույթ առհասարակ չնախաձեռնելը միայն հստակ մատնացույց է անում այն, որ Աշոտյանի ելքը երկրից արգելվել է կամայականորեն, հեռախոսային իրավունքի ուժով, բացահայտ արհամարհելով Սահմանադրությունն ու օրենքները:
Քննիչի որոշումն արդեն բողոքարկվել է գլխավոր դատախազին, սպասենք հերթական մերժմանը և կդիմենք դատարան:
Նշենք նաև, որ դեկտեմբերի 4-ին Աշոտյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել էր, որ ժամանել է Վիեննա, որտեղից ստացել է հրավեր ավստրիական ուղեղային վերլուծական մի կենտրոնից։ Կենտրոնը, նրա խոսքով, կազմակերպում է փակ քննարկումներ արցախյան հակամարտության հարցով և աշխատում է Եվրոպական հանձնաժողովի, ԵԱՀԿ–ի հետ միասին:
Հիշեցնենք` ըստ մամուլի հրապարակումների` ԵՊԲՀ–ի համար գույք ձեռք բերելու ընթացքում չարաշահումներ թույլ տալու գործով օրերս ձերբակալվել է բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, այնուհետև ազատ արձակվել։ Նույն քրեական գործով անցնում է նաև Արմեն Աշոտյանը` վկայի կարգավիճակով։
Նշենք նաև, որ Աշոտյանը պետք է Լիսաբոն մեկներ` ԵԺԿ քաղաքական համաժողովին մասնակցելու, սակայն օդանավակայանում նրան հայտնել են, որ չի կարող լքել Հայաստանի Հանրապետությունը։
ՀՀԿ փոխնախագահին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով։