ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ չի լինելու, այդ մասին տարածվող լուրերը կեղծ են։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։
«Այսօր զանգվածային լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով տարածվել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի հարցազրույցը, որի հիման վրա հետևություն է արվել, որ Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում տեղադրվելու է ադրբեջանական հետակետ»,–ասվում է տեղեկատվական շտաբի տարածած հայտարարության մեջ:
Նշվում է, որ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարցի շուրջ քննարկում է կազմակերպվել Վոլկովի հետ, որի ընթացքում վերջինս հայտարարել է, որ միջանցքում հենակետ չի լինելու, այն ադրբեջանցիների կողմից չի վերահսկվելու և միջանցքում՝ խաղաղապահների տեղակայման վայրերում, ադրբեջանցիներ չեն լինելու:
Անդրեյ Վոլկովի պնդմամբ` ընդամենը նախատեսվում է տեղադրել տեխնիկական վերահսկման սարքեր՝ խաղաղապահների աշխատանքը հեշտացնելու համար:
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ այս թեմայի մասին առաջիկայում համապատասխան հայտարարությամբ հանդես կգա նաև Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարությունը:
Հիշեցնենք` դեկտեմբերի 3–ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Միջադեպի առնչությամբ ռուս խաղաղապահները բանակցություններ էին վարում ադրբեջանական կողմի հետ։
Ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվեց։