ՌԱԴԻՈ

ԱՄՆ–ն Մինսկի խումբն օգտագործել է նախևառաջ իր հարցերը լուծելու համար. միջազգայնագետ

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերի հայաստանյան այցին։
Sputnik
Ակնհայտ է, որ ԱՄՆ–ն մեր տարածաշրջանում առանձին խաղ է վարում, որը տարբերվում է բրյուսելյան խաղից, և ցանկանում է առանձին կարգավիճակով մոտենալ տարածաշրջանին` իրեն վերագրելով խաղաղարար գլխավոր երկրի դափնիները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերի հայաստանյան այցը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը Հայաստան էր ժամանել չորսօրյա այցով` դեկտեմբերի 1-ից 4-ը։ Նա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող վերջին զարգացումները քննարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, ունեցել է նաև այլ հանդիպումներ։
«Ռիքերը Հայաստան էր եկել փոխանցելու ԱՄՆ–ի դիրքորոշումը տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ` փորձելով ամրապնդել Միացյալ Նահանգների ազդեցությունը Հարավային Կովկասում ու նաև հիշեցնել, որ ամեն դեպքում տարածաշրջանը Վաշինգտոնի համար կարևոր է, հետևաբար իրենք մտադիր չեն դուրս գալ այստեղից` չնայած որոշ տերությունների հետ ունեցած տարաձայնություններին»,– ասաց միջազգայնագետը։
Նրա խոսքով` Միացյալ Նահանգները ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ միշտ էլ օգտագործել է ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածաշրջանում նախևառաջ իր հարցերը լուծելու համար։ Ռիքերը Հարավային Կովկաս ժամանելուն պես հայտարարեց, որ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն այլևս չկա, և իրենք ուզում են առանձին խաղաղության օրակարգ հաստատել Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Մեր զրուցակցի դիտարկմամբ` դա մի փոքր տարօրինակ է, քանի որ նման հայտարարություններն առաջին հերթին հարվածներ են ուղղված ԵԱՀԿ–ի դեմ ու այդ կազմակերպության հեղինակությանը։
«Հաշվի առնելով Ֆրանսիայի Սենատի կողմից վերջերս ընդունված բանաձևն ու ավելի վաղ Արցախի անկախությունը ճանաչելու առաջարկի վերաբերյալ որոշումը, ինչպես նաև Սոչիում կայացած եռակողմ հանդիպումները, ապա ակնհայտ է դառնում, որ Մինսկի խումբը դե–ֆակտո միասնական չի գործում և յուրաքանչյուրը ձգտում է իր կողմը բերել Հայաստանին ու Ադրբեջանին, բայց դա չափազանց վտանգավոր է այն առումով, որ երեք գերտերությունների միջև առկա մրցակցությունը կբերի ոչ թե խաղաղության, այլ իրավիճակի ավելի վատթարացման, քանի որ Ադրբեջանը փորձելու է խաղալ այդ հակասությունների վրա»,– նշեց Բալասանյանը։
Գրիգորյանը Ռիքերի հետ խոսել է Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մասին
Նրա գնահատմամբ` Հայաստանը միշտ շահել է այն ժամանակ, երբ համանախագահ երեք գերտերությունների շահերը համընկել են Հարավային Կովկասում, մինչդեռ այսօր նրանցից յուրաքանչյուրը տարածաշրջանի խնդիրներն օգտագործում է իր մասնավոր նպատակների համար, ինչն անթույլատրելի է ու վտանգավոր։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռիքերն այցելել էր Ադրբեջան, նոյեմբերի 28-ին հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։