ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ մարզերում ՃՈ ծառայողներն անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5–ն ընկած ժամանակահատվածում ուժեղացված ծառայություն են իրականացրել` հայտնաբերելով 2558 խախտում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՃՈ–ն ուժեղացված ծառայություն չի իրականացրել միայն Շիրակի և Լոռու մարզերում (այնտեղ պարեկանին ծառայություն է ստեղծվել,– խմբ.)։
«Երթևեկության կանոնների խախտում իրականացնելու պատճառով 30 տրանսպորտային միջոց տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածքներ։ Հայտնաբերվել է ոչ սթափ 28 անձ»,– ասված է հաղորդագրությունում։
Առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվել է 11 մեքենա, 7-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 94-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։ Բացի այդ, 4 անձ տուգանվել է վարելիս ծխելու համար։
Ուժեղացված ծառայությունները պարբերական են։