ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Հարավային Կովկասում «3+3» պլատֆորմի հանդիպում է նախապատրաստվում, ժամկետներն ու օրակարգն են համաձայնեցնում, հայտարարել Է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք խոսել ենք նաև «3+3» խորհրդատվական-տարածաշրջանային պլատֆորմի գործունեության մասին՝ նկատի ունենալով հարավկովկասյան երեք հանրապետությունները և նրանց երեք հարևանները` Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Դա ժամանակին Ադրբեջանի նախագահի նախաձեռնությունն էր, տեղի ունեցավ առաջին հանդիպումը։ Այժմ մենք պատրաստվում ենք հերթական նման հանդիպմանը, համաձայնեցնում ենք կոնկրետ ժամկետներն ու օրակարգը»,–ասել է Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
Միաժամանակ, Լավովը նշել է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած համաձայնագրերը ամուր հիմք են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար։
Նրա խոսքով` Բայրամովի հետ մանրամասն քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման հարցերի ամբողջ համալիրը՝ այն եռակողմ փաստաթղթերի համաձայն, որոնք երեք երկրների ղեկավարները ստորագրել են 2020 թվականի նոյեմբերից սկսած. «Այդ փաստաթղթերը, մեր համոզմամբ, մնում են ամուր և հուսալի հիմք բոլոր հարցերի լիարժեք կարգավորման համար, ներառյալ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը և խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածությունների ձեռք բերելը»։
Լավրովը հավելել է, որ այդ բոլոր հարցերով ՌԴ-ն պատրաստ է կողմերին աջակցություն ցուցաբերել։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի սկզբին Մոսկվայում տեղի ունեցավ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի առաջին նիստը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարարների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ։ Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել էր, որ Թբիլիսին հրաժարվում է մասնակցել «3+3» տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմին: