ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել, թե ինչ պայմաններում է երեկ երեկոյան վիրավորում ստացել զինծառայողը։ Նախնական տվյալներով դեպքը տեղի է ունեցել դեկտեբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում։
«ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Գ.Հ.-ն, ընդգրկված լինելով մարտական հերթապահության, իրեն ամրակցված «АК-74» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցից ստացել է աջ ազդրի հրազենային գնդակային միջանցիկ վնասվածք»,– ասված է հաղորդագրությունում:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին մասով (առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն)։
Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում կատարվածի պատճառները, հանգամանքները լիարժեք պարզելու համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈւ զինծառայող Գ. Հ.-ն: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։