ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Վանաձոր մտնող ճանապարհահատվածը հիմնանորոգման աշխատանքները եղանակային բարենպաստ պայմանների դեպքում կմեկնարկեն 2023 թվականի գարնանը։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Նշենք, որ տարիներ շարունակ Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքի մուտքի ճանապարհները (ինչպես Սպիտակի, այնպես էլ Դիլիջանի կողմից) գտնվում են սարսափելի վիճակում։ Ճանապարհների հետ կապված իրավիճակը ցավալի է նաև քաղաքի ներսում։
Վանաձորի վարորդներն էլ բազմիցս բողոքի ակցիաներ են կազմակերպել ճանապարհները վերանորոգելու պահանջով։
«Հաշվի առնելով, որ Վանաձոր մտնող ճանապարհահատվածը գտնվում է անմխիթար վիճակում և կարիք ունի հիմնանորոգման` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կազմակերպել է Վանաձորի Կ. Դեմիրճյան փողոցի 3.7 կմ–անոց հատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման գնման գործընթաց»,–ասված է հաղորդագրության մեջ։
ՏԿԵ նախարարությունը ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների համար կապալի պայմանագիր է կնքել «Գլավդորստրոյ» ԲԸ–ի հետ, որը հաջորդ տարվա գարնանն ամենայն հավանականությամբ կսկսի աշխատանքները։
Իսկ աշխատանքների ավելի վաղ չսկսելը նախարարությունը հիմնավորում է առաջիկայում սպասվող եղանակային անբարենպաստ պայմանների հանգամանքով։