Թեղուտաբնակ աֆրիկացին ու նրա երազանքները. ինչո՞ւ Սիլվենը որոշեց ընդմիշտ մնալ Հայաստանում

Սիլվեն Կուասի
Իվուարցի Սիլվեն Կուասիին թեղուտցի երեխաների համար ֆուտբոլային ակումբ է հիմնել, որտեղ նրանց հետ անվճար պարապմունքներ է անցկացնում։ Sputnik Արմենիայի թղթակիցը այցելել է Թեղուտ ու հանդիպել Հայաստանին սիրահարված աֆրիկացի ֆուտբոլիստին։
Sputnik
Տավուշի մարզի Թեղուտ համայնքի դպրոցի հարևանությամբ գտնվող մարզադաշտում արդեն 2 տարի է՝ ամեն օր կանոնավոր մարզումներ են։ Գյուղի երեխաները պլանշետներից ու համակարգչային խաղերից կտրված` պարտաճանաչորեն գալիս են ֆուտբոլ խաղալու։ Մարզիչը խիստ է, պարապունքները բաց թողնել չի կարելի։
Իսկ մարզիչը, ոգեշնչողն ու ոգևորողը իվուարցի Սիլվեն Կուասին է։ Նա արդեն մի քանի տարի է՝ Հայաստանի մշտական բնակիչ է։ Իր ուժերով ու միջոցներով ստեղծել է «Տավուշ» սպորտային ակումբը, որ, ինչպես ինքն է ասում, գյուղաբնակ երեխաներն էլ սպորտում հաջողությունների հասնելու շանս ունենան։
«Ես ուզում եմ մի լավ բան անել այս երկրի համար, որովհետև շատ եմ սիրում Հայաստանը»,– ասում է աֆրիկացի տղան, որն, ի դեպ, վարժ խոսում է հայերեն։ Դասերի երբեք չի հաճախել, համոզված է` եթե սիրում ես որևէ երկիր, ապա լեզուն սովորելը դժվար չէ։
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Կուասին առաջին անգամ Հայաստան եկավ 2011 թ.–ին։ Սկզբում խաղում էր «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբում։ 2014թ.-ին տեղափոխվեց Էստոնիա, բայց 2017-ին կրկին վերադարձավ Հայաստան ու պայմանագիր կնքեց Վանաձորի «Լոռիի», հետո էլ` «Դիլիջան» ակումբի հետ. «Երբ պայմանագրերս վերջացան` այլևս այստեղից գնալ չէի ուզում, հասկացա` այստեղ ինձ այնքան լավ եմ զգում, որ անգամ հայրենիքում նման զգացողություն չունեմ»։
Իվուարցի մարզիկը բնակության համար ընտրեց Դիլիջանը, որովհետև բնությունն այստեղ գեղեցիկ է, օդն էլ` մաքուր և հետո` մարզի երեխաներն իր կարիքն ավելի շատ ունեին. «Մեկ–մեկ տեսնում էի, որ երեխաները ասֆալտի վրա են ֆուտբոլ խաղում, որոշեցի, որ պետք է օգնեմ նրանց։ Չէ որ նրանցից յուրաքանչյուրը, եթե նորմալ պայմաններում մարզվի, ապագայում կարող է դառնալ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ»։
Ամենադժվարը եղել է երեխաներին բացատրելը, որ դա թիմային խաղ է և գնդակը երկար պահելով՝ լավ ֆուտբոլիստ չես դառնա. «Հայաստանում էգոիստ ֆուտբոլ են խաղում։ Բայց միայն գնդակ պահելով չէ, պետք է ուրիշների հետ էլ աշխատես։ Ամեն անգամ բացատրում եմ, ասում եմ` գնացե՛ք, նայե՛ք իսպանական ֆուտբոլը, իրանց նման պետք է խաղաք։ Ասում են` հա–հա, բայց էլի գնդակը վերցնում՝ վազում են։ Հոգեբանություն է դա։ Ես ամեն ինչ անում եմ, որ իրենց միջից դա դուրս գա»։
«Տավուշ» սպորտային ակումբն ու աֆրիկացի հիմնադիր-մարզիչը
Սիլվենը երեխաների հետ անվճար է պարապում։ Աշխատավարձ ոչ մի կառույցից չի ստանում։ Երեխաները միայն ամեն ամիս 3000 դրամ են վճարում, որպեսզի մարզիչը կարողանա սպորտային պարագաներ գնել, որոնք, ի դեպ, բավական թանկ են։ Մարզիչը ցավով նշում է, որ ոչ մի պետական կառույցից ոչ մի օգնություն իր թիմը չի ստանում.
«Ֆուտբոլի ֆեդերացիան մեզ կարող է օգնել, բայց չի օգնում։ Ասում են, եկե՛ք, գրանցվե՛ք, խաղացե՛ք ու վերջ... Բայց չի կարելի այդպես, բա ո՞վ պետք է օգնի։ Եվրոպայում ֆուտբոլը շատ ուժեղ է, որովհետև փոքր տարիքից երեխաներին օգնում են, ամեն պայման ստեղծում են, որ ոգևորվի ու շարունակի ֆուտբոլ խաղալ։ Իսկ այստեղ խոսում–խոսում են, բայց ոչ մի բան չեն անում»,– ասում է նա։
«Տավուշ» սպորտային ակումբը արդեն մասնակցում է ներհանրապետական մրցումների։ Գրեթե ամեն շաբաթ հանդիպումներ են ունենում, բայց Թեղուտից այլ բնակավայր հասնելու համար ավտոբուս չունեն.
Սիլվեն Կուասին ու իր սաները մարզման ժամանակ
«Երեխաների ծնողներն օգնում են, բայց ամեն անգամ չեն կարող, շատերը կան, որ շատ վատ պայմաններում են ապրում, ոնց ամեն անգամ 60 հազար դրամ տանք, որ ավտոբուսը մեզ տանի Գյումրի։ Գոնե մի հին ավտոբուս տային, հանգիստ գնայինք-գայինք։ Երեխաները պետք է մասնակցեն մրցումների, որ ինչ-որ բանի հասնեն։ Ախր չեն հասկանում, որ եթե վաղն այս երեխաներից մեկը լավ ֆուտբոլիստ դառնա, չեմ տանելու Աֆրիկա, Հայաստանի համար է խաղալու»։
Աֆրիկացի տղան խոստովանում է` 10 տարի առաջ անգամ Հայաստանի տեղը չգիտեր քարտեզի վրա, իսկ հիմա վստահ է՝ մեր երկիր այցելությունը ճակատագրով էր նախատեսված, քանի որ վերջապես գտել է իր մտքի ու հոգու խաղաղությունը. «Այնտեղ, որտեղ հոգիդ հանգիստ է` լավ է, հայերը այնքան բան են արել իմ համար, անգամ իմ բարեկամները այդքան չեն արել։ Էս երեխաների պապաները կանչում են իրենց տուն՝ սեղան են դնում, ոնց որ իրենց հարազատը լինեմ, ես նման բան ոչ մի տեղ չէի տեսել»։
1 / 14

«Տավուշ» սպորտային ակումբի սաները մարզման ժամանակ

2 / 14

«Տավուշ» սպորտային ակումբի սաները մարզման ժամանակ

3 / 14

«Տավուշ» սպորտային ակումբի սաները մարզման ժամանակ

4 / 14

«Տավուշ» սպորտային ակումբի սաները մարզման ժամանակ

5 / 14

«Տավուշ» սպորտային ակումբի սաները մարզման ժամանակ

6 / 14

«Տավուշ» սպորտային ակումբի սաները մարզման ժամանակ

7 / 14

Սիլվեն Կուասին ու իր սաները մարզման ժամանակ

8 / 14

«Տավուշ» սպորտային ակումբի սաները

9 / 14

«Տավուշ» սպորտային ակումբի սաները մարզման ժամանակ

10 / 14

«Տավուշ» սպորտային ակումբի սաները մարզման ժամանակ

11 / 14

Սիլվեն Կուասին

12 / 14

«Տավուշ» սպորտային ակումբի սաները մարզման ժամանակ

13 / 14

Սիլվեն Կուասին ու իր սաները մարզման ժամանակ

14 / 14

«Տավուշ» սպորտային ակումբի սաները մարզման ժամանակ

Ոչ մի դժվարություն ու խոչընդոտ Սիլվենին չեն հիասթափեցնում, նա իր ապագան պատկերացնում է միայն Հայաստանում, իր սիրելի Թեղուտում, իր սիրելի սաների կողքին։