ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Շաքարի համաշխարհային գները2023 թվականին կարող են նվազել հիմնական արտադրող երկրներում բարձր բերքատվության շնորհիվ։ Այս մասին ասվում է Եվրոպայի խոշորագույն բանկերից մեկի՝ նիդեռլանդական ING-ի վերլուծության մեջ։
Բանկի կանխատեսմամբ՝ հաջորդ տարի շաքարի համաշխարհային արտադրությունը կհասնի մոտ180 մլն տոննայի, այսինքն` գրեթե ռեկորդային մակարդակի։ Արդյունքում շուկայում մոտ4 մլն տոննա ավելցուկ կգոյանա։
Տարվա առաջին ամիսներին գինը կարող է համեմատաբար ավելի քիչ իջնել Բրազիլիայում բերքահավաքի ընդհատումների պատճառով: Բայց արդյունքում, եթե այժմՆյու Յորքի բորսայում շաքարն արժե մեկ ֆունտի դիմաց մոտ 19,5 ցենտ (մոտ 430 դոլար՝ մեկ տոննայի դիմաց), ապա 2023 թվականի առաջին եռամսյակում, ըստ ING-ի կանխատեսման, այն կարժենա 18,4 ցենտ (մոտ 405 դոլար), իսկ միջին հաշվով տարվա ընթացքում՝ 17,7 ցենտ (390 դոլար)։
Մեծ բերք է սպասվում Բրազիլիայում և Հնդկաստանում, ինչպես նաև Թաիլանդում, որը սկսել է վերականգնվել նախորդ տարիների երաշտից հետո:
Բրազիլիայում շաքարի արտադրությունը կարող է աճել, քանի որ հարկերի կրճատման շնորհիվ երկրում բենզինն էժանացել է, ինչը նշանակում է, որ նվազել է վառելիքային էթանոլի պահանջարկը: Հետևաբար ավելի քիչ շաքարեղեգ կուղղվի էթանոլի արտադրմանը և ավելի շատ՝ շաքարի արտադրությանը:
Հնդկաստանում նույնպես շաքարեղեգի լավ բերք է սպասվում։ Ճիշտ է, իշխանությունները սահմանափակել են ցորենի, բրնձի և շաքարի արտահանումը (որպեսզի զսպեն գնաճը, որը սրվել է Ուկրաինայում հակամարտության սկսվելուց հետո)։ Սակայն այդ քվոտաները սահմանվել են մինչև մայիսի 31-ը, իսկ հետո կարող են ավելացվել՝ կախված շուկայում տիրող իրավիճակից։
Ինչ վերաբերում է Եվրամիությանը, թեև այս տարի շաքարի արտադրությունը վերականգնվել է, բայց շոգ և չոր ամառը բերքի վրա կազդի նաև հաջորդ տարի։ Արդյունքում՝ հաջորդ տարի շաքարի ճակնդեղի բերքն ու շաքարի արտադրությունը կնվազեն, ինչի հետևանքով ԵՄ-ում մոտ 10 տոկոս պակասուրդ է նկատվելու, որը ստիպված կլինեն լրացնել ներմուծման հաշվին։
Նշենք, որ հունիսի վերջից շաքարավազի գները համաշխարհային բորսաներում սկսել էին նվազել (մեկ տոննայի դիմաց մոտ 20-30 դոլարով), սակայն նոյեմբերի սկզբից նորից բարձրացան։ Հայաստանում շաքարավազի գները սկսեցին նվազել դեռ մայիսին, նաև դոլարի փոխարժեքի նվազման պատճառով (շաքարավազն ու ներկրվող մյուս ապրանքները գնվում են դոլարով)։