Քաջարան է այցելել ՌԴ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը

Իգոր Մասլովն ու Վահրամ Կարապետյանը շրջել են Քաջարանում և մի քանի հաստատություն այցելել
Իգոր Մասլովն ու «Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրենը շրջել են Քաջարանում և մի քանի հաստատություն այցելել
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովն ու «Մոսկվայի տուն» մշակութային-գործարար կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն այցելել են Սյունիքի մարզի Քաջարան քաղաք։ Տեղեկությունը հայտնում է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։

««Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի և նույն ընկերության ղեկավար կազմի հետ հյուրերին ուղեկցեցինք քաղաքում գործող մշակութային, նախադպրոցական և մարզական օջախներ»,– գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Ըստ Փարամազյանի` Մասլովն ու Կարապետյանն այցելել են ԶՊՄԿ–ի մշակույթի պալատ, նախադպրոցական ուսումնական հաստատություն, այնուհետև մարզահամալիր, որտեղ հյուրերը ծանոթացել են համայնքի երեխաների և սաների` վերոնշյալ մշակութային, մարզական ու նախադպրոցական հաստատություններում պարապմունքների ընթացքին և պայմաններին։