ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Կիևի ռեժիմը սադրանք է նախապատրաստում, որպեսզի խափանի Տոլյատի – Օդեսա խողովակաշարով ամոնիակի տարանցումը վերսկսելու ՄԱԿ-ի նախաձեռնությունը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել ռազմադիվանագիտական աղբյուրը:
«Մի քանի աղբյուրից հաստատված տեղեկության համաձայն՝ Կիևի ռեժիմը աղմկահարույց սադրանք է նախապատրաստում, որն ուղղված է Տոլյատի (Ռուսաստան) – Օդեսա (Ուկրաինա) խողովակաշարով ամոնիակի տարանցման վերականգնման վերաբերյալ ՄԱԿ-ի նախաձեռնության ձախողմանը»,– ասել է նա։
Աղբյուրի խոսքով ՝ Օդեսայի նավահանգստային գործարանի տարածքում ամոնիակի պահեստարանների գմբեթավոր տանիքներին ուղղորդված պայթյուններ կիրականացվեն, և դա կներկայացվի որպես ռուսական զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանք։
«Սադրանքն իրականացվելու է Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հսկողությամբ։ Այս սադրանքի իրականացման գործում ներգրավված են նաև կանադական GardaWorld PMC-ի պայմանագրային զինծառայողները, որոնք Ուկրաինայի ծովային նավահանգիստների վարչակազմի հետ պայմանագրով իրականացնում են Օդեսայի մարզում նավահանգստային ենթակառուցվածքի պահպանության գործառույթներ», - ասել է գործակալության զրուցակիցը։
Նա հավելել է, որ սադրանքի գլխավոր նպատակը մեկն է` Ռուսաստանին զրկել ազոտական պարարտանյութերի արտադրության համար անհրաժեշտ ամոնիակի մատակարարման հնարավորությունից, առաջին հերթին՝ զարգացող երկրներ:
Գործակալության աղբյուրը հավելել է, որ Օդեսայում ամոնիակի պահեստարանների պլանավորված ոչնչացումը կհանգեցնի համաշխարհային շուկայում դրա արժեքի հետագա աճի: Դա թույլ կտա մեծացնել բնական գազի բարձր գների պայմաններում Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ձեռնարկությունների կողմից ԵՄ և զարգացող երկրներ ամոնիակի արտադրության և արտահանման ծավալները, ինչպես նաև շահութաբերությունը։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 283-րդ օրը։