ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական զորքերը հաջող հարձակողական գործողություններ են իրականացնում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) Արտյոմովսկ քաղաքի տարածքում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ կրակային խոցման հետևանքով մեկ օրում այդ ուղղությամբ ոչնչացվել է ավելի քան 50 ուկրաինացի զինվորական և Ուկրաինայի զինված ուժերի(ՈւԶՈւ) վեց մարտական զրահապատ մեքենա։
Բացի այդ, ռուսական զորքերը Կուպյանսկի ուղղությամբ խափանել են Ուկրաինայի զինված ուժերի՝ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության(ԼԺՀ) Նովոսելովսկոյե գյուղի շրջանում հարձակվելու փորձը։
ՌԴ ԶՈւ-ն կանխել է նաև ուկրաինական զորքերի՝ ԴԺՀ-ի Պավլովկա բնակավայր ներխուժելու փորձերը ։
«Հարավային Դոնեցկի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերը փորձել են ճեղքել-դուրս գալ դեպի Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Պավլովկա բնակավայր։ Ռուսական զորքերի ակտիվ գործողությունների արդյունքում հակառակորդի ստորաբաժանումը դուրս է մղվել ականապատ դաշտ և ոչնչացվել հրետանու կրակով»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ուկրաինական բանակի գրոհներն անհաջող են ավարտվել ԴԺՀ-ի Շևչենկո բնակավայրի ուղղությամբ։
«Գրոհային ավիացիայի հարվածներով և հրետանու կրակով հակառակորդը, զգալի կորուստներ կրելով, հետ է շպրտվել ելման դիրքեր։ Այս ուղղությամբ հակառակորդի կորուստները մեկ օրում կազմել են մինչև 40 սպանված ուկրաինացի զինծառայող, հետևակի մեկ մարտական մեքենա և երեք պիկապ»,-հայտարարել են ՌԴ ՊՆ-ում։
Գերատեսչության ներկայացուցիչը հստակեցրել է, որ հակառակորդը հարձակման փորձ է ձեռնարկել նաև Խարկովի մերձակայքում գտնվող Կիսլովկա բնակավայրի մոտակայքում: Ռուս զինվորականները կանխել են դա, արդյունքում ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի ավելի քան 60 զինվոր, երկու պիկապ և երկու մեքենա։
Կոնաշենկովը հայտնել է նաև, որ ռուսական զորքերը ինը անօդաչու թռչող սարք են խոցել ԼԺՀ-ում, ԴԺՀ-ում և Խարկովի մերձակայքում, ոչնչացվել է նաև ուկրաինական Սու-25 ինքնաթիռ ԴԺՀ-ում։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Դոնեցկի ուղղությունը ուկրաինական բանակի համար ճակատի ամենադժվար հատվածն է։ Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարների տեղեկություններով՝ խոսքը Արտյոմովսկի և Սոլեդարի մասին է։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 283-րդ օրը։