Հայտնի են «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման արարողության հաղորդավարները

Հանրապետության հրապարակը
Դեկտեմբերի 5-ին մրցույթի 16 մասնակիցները վիճակահանությամբ կորոշեն ելույթների հերթականությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Հայտնի են «Մանկական Եվրատեսիլ - 2022» միջազգային երգի մրցույթի բացման արարողության հաղորդավարները։ Տեղեկությունը հայտնում է «Մանկական Եվրատեսիլի» պաշտոնական կայք էջը։
Հանդիսությունը կվարեն «Մանկական Եվրատեսիլում- 2011»–ում Հայաստանը ներկայացրած Դալիթան, «Եվրատեսիլ- 2014»-ում Հայաստանը ներկայացրած Արամ Mp3-ն և հաղորդավար Համլետ Առաքելյանը:
Նշենք, որ այս տարի երգի մրցույթի 20-րդ հոբելյանական տարին է։ Այս առիթով Երևան են ժամանելու մրցույթի տարբեր տարիների հաղթողները, որոնք ելույթ են ունենալու դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում. հանդիսավոր կերպով կբացվի երգի մրցույթն ու կվառվեն քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը։
Նույն օրը մրցույթի 16 մասնակիցները կարմիր գորգի վրայով մտնելու են Հայաստանի ազգային պատկերասրահ, որտեղ էլ տեղի կունենա վիճակահանությունը որոշելու համար, թե ինչ հերթականությամբ ելույթ կունենան նրանք։
Այդ օրը ելույթ կունենան նաև «Եվրատեսիլ 2022»-ի հայաստանյան պատվիրակ Ռոզա Լինը և «Մանկական Եվրատեսիլ 2021–ի» հաղթող, Հայաստանի ներկայացուցիչ Մալենան:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ - 2022» երգի մրցույթի եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
«Մանկական Եվրատեսիլից» տարիներ անց. հայ մասնակիցներից ով ինչ ճանապարհով է գնացել
Երգի մրցույթը կվարեն երգչուհի Իվետա Մուկուչյանը, հաղորդավար, երաժիշտ Գարիկ Պապոյանը, նույն մրցույթին Լեհաստանում Հայաստանը ներկայացրած Կարինա Իգնատյանն ու ռոբոտ Ռոբինը։