Հետխորհրդային տարիներին Նալբանդյան փողոցի թիվ 130 շենքի գլխավոր աշխատասենյակը հերթով զբաղեցրել է տասնմեկ մարդ։ Իսկ ընդհանուր առմամբ, եթե հաշվենք 1919 թվականի հունվարից, երբ ներքին գործերի առաջին նախարար դարձավ Արամ Մանուկյանը, այդ գերատեսչությունը ղեկավարած անձանց թիվը մոտենում է հիսունի։
Փոխվում էին ոչ միայն դեմքերը, այլև գլխավոր մուտքի մոտ ցուցանակները` ՆԿԳԲ, ՄԿԳԲ, ՆԿԳԲ-ՄԳԲ, ՆԳՆ, այսօր՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, որն ուր որ է կվերածվի ներքին գործերի նախարարության։
Թե ինչ դուրս կգա բարեփոխումից, կերևա հետո, բայց ամեն դեպքում ամեն ինչ կախված է լինելու մեկ հարցի պատասխանից․ «Եթե մեկին ինչ-որ տեղ օգնություն է պետք, մենք կհասնենք, միշտ պատրա՞ստ ենք մենք»։ Մարդիկ դրական պատասխան են ակնկալում։
Բառերը չես հանի երգից, բայց կետադրությունը ամրացնում է խոսքը։ Խորհրդային միլիցիայի օրհներգում հարցական նշան չկար․ ի՞նչ հարցեր կարող են լինել, եթե քննությունը մասնագետներն են վարում, իսկ «ճակատագրով նախանշված է անտեսանելի մարտ վարել նրանց հետ, ովքեր ազնիվ ապրել չեն ուզում»։ Մինչդեռ խորհրդային շրջանի ՆԳՆ-ին ուղղված հարցեր, իհարկե, նախկինում էլ կային․ առաջին հերթին՝ սոցիալիստական սեփականության գողության դեմ պայքարի բաժնին (ՕԲԽՍՍ) ուղղված։
Ժողովրդի բարիքը թալանողների դեմ պայքարի յուրահատկությունն այն էր, որ մոխրագույն շինելներով մարդկանց նյութական բարեկեցությունն ուղղակիորեն կախված էր կալանավորված թալանչիների զանգվածից․ որքան խիտ էր այդ զանգվածը, այնքան բարձր էր ՕԲԽՍՍ-ի աշխատակիցների կյանքի որակը, և որքան լավ էին նրանք ապրում, այնքան ավելի ծաղկուն էր դառնում օրենքից դուրս հայտարարված բիզնեսը։ Սա զանգվածի և էներգիայի փոխհարաբերությունների օրենքի բանաձևն է, որը դեռ Իսահակ Նյուտոնն է հայտնաբերել։
...Խորհրդային լիուլի ժամանակներ։ Վաղ առավոտից մեկը մյուսի հետևից մեքենաներ են մոտենում Խանջյան փողոցի թիվ 51 շենքին (Երևանի միլիցիայի վարչության), շարք-շարք զբաղեցնում են փողոցը։ Նոր «Ժիգուլիներից» ու «Վոլգաներից» (ուրիշ բան չկար) դուրս են գալիս և մեկը մյուսի հետևից շենք են մտնում նրանք, ովքեր «լուսաբացի հետ են արթնանում ու անտեսանելի մարտ են մղում նրանց դեմ, ով ազնիվ ապրել չի ուզում»:
Մի օր քայլում եմ Խանջյան փողոցով, աչքերիս չեմ հավատում. միլիցիայի քաղաքային վարչության շենքի առաջ ընդամենը 3-4 մեքենա է։ Ի՞նչ է պատահել։ Զանգվածային գողությո՞ւն, շարժիչնե՞րն են միաժամանակ փչացել, ցունամիի նախազգուշացո՞ւմ է եղել։ Բացատրում են` ԽՍՀՄ ՆԳՆ-ից հատուկ ստուգող հանձնաժողով է եկել, և չարժե նյարդայնացնել մոսկովյան ղեկավարությանը (կարելի է կարծել` Մոսկվայում ՆԳՆ աշխատակիցները հեծանիվով էին գնում աշխատանքի. հեղ.):
Հանձնաժողովը ստուգեց, թե ինչպես է աշխատում հայկական միլիցիան (նաև` որքան է վաստակում), որոշ թերություններ նշեց, հրահանգեց վերացնել ու գնաց…
Այն ժամանակ միլիցիային շատ էին հայհոյում, հիմա էլ ոստիկանությանը չեն սիրում (առաջին հերթին` տխրահռչակ «կարմիր բերետների» պատճառով, և դժվար թե վաղը սկսեն պաշտել նրանց, հո մեղրով կարկանդակ չեն։ Բայց թե՛ երեկ, թե՛ այսօր, թե՛ վաղը, եթե ինչ-որ բան է պատահում, մարդիկ գնացել, գնում և գնալու են ոստիկանություն. ուրիշ տեղ չկա։ Ճիշտ նույն կերպ, երբ մեր ինչ-որ տեղը ցավում է, բժշկի ենք դիմում, ոչ թե փականագործի։
Ի՞նչ է պետք անել, որպեսզի ոստիկանության մասին լավը մտածեն, որպես պաշտպան ճանաչեն, օգնեն խոսքով ու գործով։ Առաջին հերթին դա պետք է վաստակել, բայց ոչ միայն։
Նախկինում` Արամ Մանուկյանից մինչև Վահե Ղազարյան, ինչպես նաև նրա նախորդների մեծ մասի ժամանակ, թերթերը, ամսագրերը, կինոն և հեռուստատեսությունը (հենց որ հայտնվեց) ոստիկաններին այդքան չէին ստորացնում և այդպիսի ուրախությամբ չէին հիմարացնում։ Նրանց բարձրացնում ու հերոսացնում էին (ինչով վաղուց և հաջողությամբ զբաղվում է ԱՄՆ-ն և ոչ միայն)։ Արդյունքում Հայաստանը անվտանգության հուսալի ծառայություն ուներ, իսկ հայերը գիտեին, թե ում են պարտական դրա համար։
Իսկ այսօր կարո՞ղ ենք գոնե 2-3 ոստիկանի նշել, որոնց արածները հայտնի են լայն զանգվածներին, իսկ անունները բոլորը գիտեն։ Ավագ սերնդի մարդիկ կարող են։ Նրանք կարիերան սկսել են լեյտենանտի աստիճանից են և իսկական գնդապետներ ու գեներալներ դարձել` Ոսկան Գալստյան, Միխայիլ Եսայան, Սերգեյ Աթարբեկյան, Ռուդիկ Հովակիմյան, Վիտալի Բոգոմազով, Կառլեն Թորոսյան, Սերգեյ Մարտիրոսյան, Վլադիկ Մուրադով, Յուրա Պետրոսյան․․․ Ուրիշներն էլ կային՝ սպաներ, սերժանտներ, շարքայիններ։ Դժվար է պատկերացնել, որ ինչ-որ մեկը համարձակվեր նրանց «մենթ» անվանել, ավելի դժվար է պատկերացնել, որ նրանք իրենք իրենց մենթ անվանեին։
Հեռուստասերիալային մեկնաբանություններում «մենթը» սովորաբար հիմար է, կոպիտ և անպայման օղի է խմում։ Շատ։ Ժամանակ առ ժամանակ հանցագործ է բռնում և այդ առթիվ նորից է խմում։ Ահա և ստացվում է, որ «մենթը» սովորական «չմո»-ն է, միայն թե ուսադիրներով։
Այսօր Հայաստանի ոստիկանությունում այդպիսի մարդիկ կա՞ն։ Ամենայն հավանականությամբ՝ կան։ Բայց․․․ նկատել ենք․ ծանր և հատկապես ծանր հանցագործությունները Հայաստանի քննիչները զարմանալիորեն արագ ու գրագետ են բացահայտում։ Վերջերս Պեմզաշենում տեղի ունեցած սպանությունից երեք օր էլ չէր անցել, երբ կասկածյալները ձերբակալվեցին և խոստովանական ցուցմունք տվեցին։
Դրանից առաջ էլ են բարդ հանցագործություններ եղել, և կրկին կծիկը արագ է քանդվել, հանցագործները ձերբակալվել են։ Ո՞վ է բացահայտել, ո՞վ է ձերբակալել, ո՞վ է քրեական գործն ավարտին հասցրել, նրանց անունը որևէ մեկը գիտի՞։ Ստացվում է՝ դատարանը կա, իսկ մարդիկ, որոնք գործը դատարան են հասցրել, չկա՞ն։
«Եթե մեկնումեկն ինչ-որ տեղ ազնիվ ապրել չի ուզում, մենք ապա նրա դեմ անտեսանելի մարտ ենք մղում․․․»։ Մարտը հենց անտեսանելի էլ պետք է լինի, խոսքն այն մասին է, որ երկիրն իմանա իր հերոսներին։
..Բարեփոխումների գլխավոր առաջնահերթություններից մեկը ոստիկանության նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքի փոփոխությունն է և հակառակը։ Այլ կերպ ասած` բարեփոխումը պետք է բարձրացնի հասարակության վստահությունը ոստիկանության նկատմամբ, վերջինիս էլ ավելի հանդուրժող դարձնի հասարակության նկատմամբ։
Որպեսզի գոնե մոտավորապես այնպես ստացվի, ինչպես Լոնդոնում է եղել, երբ գիշերը զբոսաշրջիկներից մեկը միզելու անդիմադրելի կարիք է ունեցել։
«Շուրջբոլորը ոչ ոք չկար, ոչինչ չկար, միայն ծառեր էին և շատ պաթետիկ շենքեր։ Հազիվ էի իմ սպիտակ վերարկուով մտել ծառի հետևը, հազիվ էի ընդունել դասական դիրքը, երբ երկու լապտեր լուսավորեցին ինձ, և ձայն հնչեց․
-Ներեցեք, սըր, դուք չէի՞ք կարող որևէ այլ բան անել։
Ես հետ նայեցի։ Լապտերների լույսի վերևում երևում էին «բոբի» սաղավարտները։
-Այո, իհարկե։
-Օրինակ ի՞նչ։
-Օրինակ` ես կարող եմ գնալ։
Սաղավարտներից մեկը գլխով արեց։
-Հիանալի միտք է, սըր։
Եվ մենք միմյանցից գոհ բաժանվեցինք»։
Վերջին օրերի քրոնիկոնից․ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Քրիստինե Գրիգորյանը Լոռու մարզում ոստիկանության ծառայողների և քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել ՀՀ ոստիկանությունից»։
Բարեփոխումը դեռ ճանապարհին է․․․