ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ամիսներ տևած ցույցերից հետո Իրանում լուծարել են բարքերի ոստիկանությունը։ Տեղեկությունը հայտնում է «Al Arabiya» հեռուստաալիքը՝ հղում անելով Իրանի գլխավոր դատախազին։
Մանրամասներն այս պահին հայտնի չեն։
Մի քանի օր առաջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել էր, որ վերջին ամիսների անկարգությունների հետևանքով առնվազն 300 մարդ է մահացել։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին Մահսա Ամինին ձերբակալվել էր Թեհրանում բարքերի ոստիկանության կողմից և ուղարկվել ոստիկանությանն ու հետախուզական զորքերին պատկանող «Ֆարաջայի» կենտրոններից մեկը` բացատրական զրույցի։ Իրավապահների հայտարարության համաձայն` այդ կենտրոնում նա սրտի կաթված է ստացել, ինչից հետո կնոջն անհապաղ տեղափոխել են հիվանդանոց։ Երեք օր անց` սեպտեմբերի 16-ին, նա մահացել է։ Բնակիչները Մահսայի մահվան մեջ մեղադրում են բարքերի ոստիկանությանը` հայտարարելով, որ նա մահացել է ծեծվելուց հետո։
Երիտասարդ կնոջ մահը զանգվածային ցույցերի պատճառ էր դարձել Իրանի մի շարք խոշոր քաղաքներում։