Ստեփանակերտ-Գորիս մայրուղու իրավիճակն անհնարին է դարձրել դեղերի տեղափոխումն Արցախ. ԱՆ

Արցախի առողջապահության նախարարությունը մարդասիրական բոլոր կազմակերպություններին կոչ է արել անհապաղ կերպով պատշաճ քայլեր ձեռնարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Ստեփանակերտ-Գորիս մայրուղում ստեղծված իրավիճակն անհնարին է դարձել բժշկական պարագաների և դեղամիջոցների տեղափոխումը Արցախ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
«Այս պարագայում լուրջ խնդիր է դարձել առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների` Արցախից ՀՀ տեղափոխումը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը լրջագույն կերպով ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքները և նպատակ ունեն հումանիտար աղետ ստեղծել Արցախում։
Արցախի առողջապահության նախարարությունը կոչ է անում միջազգային հանրությանը, մարդասիրական բոլոր կազմակերպությունների¬ն անհապաղ կերպով պատշաճ քայլեր ձեռնարկել ստեղծված վիճակը կարգավորելու և վերահաս հումանիտար աղետը կանխելու համար։
Հիշեցնենք, որ միջադեպի վերաբերյալ տեղեկացվել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:
Քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին