Շատ եմ սիրում դուդուկը. ՌԴ առևտրային ներկայացուցչի հայկական հեքիաթը

Sputnik
Երևանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն Հայաստանում աշխատելու ընթացքում ոչ միայն իր անմիջական պարտականություններն է կատարել, այլև զբաղվել է ստեղծագործելով։ Նրա գրչի առաջին լուրջ փորձը եղավ երեխաների համար նախատեսված «Հրեշն ու կոնֆետը» հեքիաթների ժողովածուն, որը հրատարակվեց վերջերս Երևանում. և որում ընդգրկվեցին սկսնակ գրողի սրտին առավել մոտ ու առավել վառ ստեղծագործությունները։ Հեղինակի խոսքով` այս բավականին նշանավոր իրադարձությունը կյանքի կոչվելու համար պարտական է հենց Հայաստանին, որին նվիրված է հեքիաթներից մեկը` «Մհերը, պապն ու իսկական դուդուկը»։ Գրքի առաջին ընթերցողներն ու «գրաքննադատները» եղան Աննայի ամուսինը, երեխաներն ու ծնողները։ ՌԴ պետական պաշտոնյան Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է իր գործի մասին` ներկայանալով բոլորովին ուրիշ կողմից։
– Սա Ձեր առաջի՞ն գործն է։ Կարելի՞ է ասել, որ այս ժողովածուով սկիզբ եք դնում նոր գործունեության։
– Այո՛, այս գործն ինձ համար իսկապես նորություն է։ Դեռ աշխատելու տեղ կա։ Ժամանակ առ ժամանակ վերընթերցում եմ և հասկանում, որ կատարելությունը սահման չունի։ Բայց այն փաստը, որ այս գիրքն (իմ առաջին գիրքը) այստեղ է ծնվել, բավական նշանակալից է։ Թեպետ այն այլ տեղ հավանաբար չէր էլ կարող ծնվել. ես հենց այստեղ զգացի, որ դա պետք է անել։
– «Հրեշն ու կոնֆետը» երկու բացարձակ տարբեր հասկացություններ են. քաղցրավենիք և ինչ–որ սարսափելի մի բան, և երկուսն էլ շատ են գրավում երեխաներին։ Սա ի՞նչ է, տուրք նորաձևությա՞նը, ժամանակակից վիդեոկոնտենտի նկատմամբ երեխաների հետաքրքրվածությա՞նը, որտեղ տարբեր հրեշներ և վախենալու երևույթներ կան։ Կոնֆետի դեպքում ամեն ինչ պարզ է` բոլոր երեխաներն էլ կոնֆետներ սիրում են... Ինչպե՞ս առաջացավ անվանումն ու քանի՞ հեքիաթ եք գրել։
– Ժողովածուում իմ գրած ոչ բոլոր հեքիաթներն են տեղ գտել։ Ես ընտրեցի երեխաներիս հավանածները։ Չէ՞ որ միշտ ինչ–որ մեկի վրա պետք է փորձարկումներ անես։ Այդ առումով «էքսպերեմենտ» արեցի երեխաներիս վրա։ Բոլոր հեքիաթներս թերապևտիկ եմ անվանում։ Հեքիաթի ժանրը հեշտ ժանր չէ։ Ոչ մի դեպքում չէի հավակնում նոր Պուշկին կամ Շառլ Պերո դառնալ. խնդիրս որևէ բարի, կախարդական բան ներկայացնելն էր։ Անկասկած` այն, որ բարին հաղթում է չարին` անխոս ու հավերժական ճշմարտություն է։ Լինեմ անկեղծ. հիմնական հերոսին կարելի էր կոչել այլ մոտ որևէ բառով, բայց ցանկացա, որ երեխաներն իրենց «միջավայրում» լինեն։ Նրանց դա սրտամոտ և հասկանալի է։
– Գրիմ եղբայրների, Անդերսենի, Գոֆմանի հայտնի հեքիաթները, անկեղծ ասած, մռայլ են։ «Լուցկիով աղջիկը», «Ջրահարսը» և մյուսները ոչ միշտ են երջանիկ ավարտ ունենում։ Ասում են, որ նման հեքիաթները վատ են անդրադառնում երեխայի հոգեկան աշխարհի վրա։ Դուք աշխատե՞լ եք մանկական հոգեբանների հետ գրքի հրատարակումից առաջ։
– Ճիշտ այդպես է` երեխայի հոգեկան աշխարհը դա մի առանձին աշխարհ է։ Հաճախ այն անկայուն է և հատուկ մոտեցում է պահանջում։ Հավանաբար իզուր չէ, որ ևս մեկ կրթություն եմ ստանում, որը շուտով արդեն ավարտում եմ, և այն առնչվում է հենց հոգեբանությանը։ Գուցե դա ինձ որոշակիորեն աջակցել է և հիմք է տվել կարծելու, որ ինչ–որ տեղ դրանից փոքր–ինչ գլուխ եմ հանում։ Ասում էի, որ «էքսպերիմենտը» երեխաներիս վրա եմ կատարել։ Կարևոր է, որ հեքիաթները ոչ միայն իմաստ ունենան, բարին հաղթի չարին դրանցում, լի լինեն կախարդանքով, այլև որպեսզի դրանք թերապևտի ազդեցություն ունենան։ Ես հատուկ շեշտադրում եմ անում դրա վրա։ Հեքիաթները մեզ պետք է բուժեն. գուցե ինչ–որ վերքեր դարմանեն, ինքնատիպ «դեղամիջոց» դառնան երբեմն այն ոչ բարի աշխարհից, որում ստիպված ենք լինում ապրել, այն չարագործություններից, որոնք տեղի են ունենում։ Երեխան պետք է հասկանա, որ կա Մութ, բայց կա նաև Լույս, և որ ամեն ինչ անցողիկ է...
Մանուկների հոգեկան աշխարհը բավական նուրբ է և դժվար է նրա հետ աշխատելը։ Պետք է իմանաս` որտեղ չես կարող անցնել սահմանը։ Հույս ունեմ, որ ինձ մոտ դա ստացվել է, քանզի ինձ համար դա շատ կարևոր է։ Իսկապես` Ձեր նշած հեքիաթները փոքր տարիքում ես այդպես չէի ընկալում։ Սակայն մեծ, հասուն տարիքում վերընթերցելով հասկանում եմ, որ դրանք իրենց ուրույն փիլիսոփայությունն ունեն։ Ի դեպ` գուցե և սխալվեմ, բայց այդ փիլիսոփայությունը ռուսական փիլիսոփայություն չէ...
– Ձեր գրքում հայկական մոտիվներ և հերոսներ կան` Մհեր, դուդուկ... Արդյոք դրանք շատ են գրքում, և ինչպե՞ս դա ստացվեց։
– Հայկական մշակույթին և թեմային նվիրված մի հեքիաթ կա։ Եվ ես չէի ցանկանա որևէ PR անել այդ թեմայի վրա։ Բայց սկսենք նրանից, որ շատ եմ սիրում դուդուկը։ Եվ երբ մենք այստեղ տեղափոխվեցինք, բաղձալի ցանկություն ունեի. շատ էի ուզում, որ երկու երեխաս էլ դուդուկ նվագել սովորեն։ Բայց չստացվեց. այն ժամանակ նրանք շատ փոքր էին, իսկ դուդուկը այնուամենայնիվ ավելի մեծ տարիքի երեխաների գործիք է։ Այն իր նրբություններն ունի, նվագելու առանձնահատկությունները, և նրանք պատրաստ չէին դրան։ Սակայն այն, ինչ ցույց տվեց դուդուկահարը, ում մոտ մենք բերեցինք երեխաներին, մինչև հոգուս խորքը հուզեց ինձ։ Ես պարզապես հիվանդացա այդ երաժշտությամբ. մինչ այդ երբեք կենդանի կատարմամբ դուդուկ չէի լսել։ Ահա այդ ժամանակ էլ առաջացավ այն միտքը, որ նաև դրա մասին պետք է հեքիաթ լինի։ Մի քանի տարի անցավ, նախքան կարողացա փոխանցել այն, ինչ զգացել էի այն ժամանակ։