Կոչ եմ անում ստիպել Ադրբեջանին դուրս գալ ՀՀ տարածքից. իսպանացի պատգամավորի ուղերձը Սոթքից

Ջոն Ինառիտուն կարծում է, որ միջազգային հանրությունն Ադրբեջանին պետք է պարտադրի հարգել խաղաղության օրակարգը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Իսպանացի պատգամավոր Ջոն Ինառիտուն, որը ժամանել է Հայաստան, միջազգային հանրությանը կոչ է արել ստիպել Ադրբեջանի ԶՈւ–ին լքել հայկական ինքնիշխան տարածքները։ Ինառիտուն Սոթք համայնքից արված տեսանյութ-ուղերձ է հրապարակել իր թվիթերյան էջում։
«Մենք Սոթքում ենք։ Այս ամբողջ շրջանը ռմբակոծվել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերին, ինչը հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և հարյուրավոր տների ավերման։ Ուստի կոչ եմ անում միջազգային հանրությանը գործել և ստիպել Ադրբեջանին` հարգել խաղաղության օրակարգը»,–ասում է Ինառիտուն։
Հավելենք, որ Ինառիտուն երկօրյա այցով էր ՀՀ եկել։ Նա եղել է նաև Ջերմուկում։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
Հրապարակվել է սեպտեմբերի զոհերի առաջին պաշտոնական ցուցակը. 197–ից 93-ի անունները հայտնի են